Խոշոր ավտովթար՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Էջմիածին քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 18-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34 AU 772 պ/հ (վարորդ` Թ. Շ., ծնվ. 1981 թ.) և «Ռովեր» մակնիշի 95 ՏՏ 055 պ/հ (վարորդ` Ռ. Խ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Թ. Շ.-ն և ուղևոր Վ. Ս.-ն (ծնվ. 1988 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն