Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվեց հակասահմանադրական

Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:

Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն:

Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է չվճարված կենսաթոշակը սահմանված 12 ամսից հետո ժառանգելու երկու բացառություն.

  • Ժառանգն առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունում է մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ:
  • Դատարանը ճանաչում է ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:

Նշենք նաև, որ փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունման դեպքում չկա որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Այսուհետ, մահացած կենսաթոշակառուի չվճարված կենսաթոշակը կարող են ստանալ թոշակառուի մահից հետո նույնիսկ 12 ամիս անց, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև, եթե դատարանի կողմից հարգելի են սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները: Փաստացի տիրապետման ուժով՝ չվճարված կենսաթոշակի գումարը նույնպես պետք է տրամադրվի առանց ժամկետային որևէ սահմանափակման:

Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն խթանում է անձի` ժառանգություն ստանալու և սեփականության իրավունքի պաշտպանությունը:

ՀՀ Մարդուիրավունքներիպաշտպան

 

Տեսանյութեր

Լրահոս