Հաղորդում հանցագործության մասին ընդդեմ կառավարության աշխատակցի (տեսանյութ). ForRights.am
Սեփական տունը կորցրած Սիրանուշ Չփլախյանը Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ նշել է, որ ՀՀ կառավարության Դիմումների եւ բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանը խարդախության միջոցով տիրացել է իր գույքին` այն գրանցելով իր մորաքրոջ տղայի անունով:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ին պատմել էր, թե ինչպես է 2011 թվականին տոկոսով գումար վերցրել Նունե Պլուզյանից եւ որպես գումարի հետ վերադարձման երաշխիք տան առքուվաճառքի պայմանագիր է կնքել:
«Բրոկերը, ով ինձ ծանոթացրել էի Նունե Պլուզյանի հետ, պնդում էր, որ պայմանագիրը շինծու է լինելու, երբ գումարը վերադարձնեմ, իմ տունն ինձ էին հետ տալու»,- ասում է Սիրանուշը: Սակայն 2013 թվականի ապրիլին Չփլախյանները դատարանից ծանուցագիր են ստացել այն մասին, որ իրենց տնից վտարելու վերաբերյալ հայց է ներկայացվել:
Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վտարման պահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը այդ վճիռը թողել է ուժի մեջ: Ներկայումս Չփլախյանների բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի վտարման մասին դատավճիռը, ապա Սիրանուշ Չփլախյանը իր որդու եւ քրոջ ընտանիքի հետ միասին կհայտնվի փողոցում:
Սիրանուշ Չփլախյանը «ForRights.am»-ի միջոցով դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վարչապետը, սակայն, որեւէ կերպ չի արձագանքել նրա խնդրանքին:
Լուսանկարում Նունե Պլուզյանն է: