Դատարանը մեղավոր է ճանաչել. տղամարդը շոյել է 9-ամյա աղջկա ոտքերը և «արգելված տեղը»
Տղամարդն առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանը վճռել է նաև ամբաստանյալից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 210.222 դրամ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ անառակաբարո գործողությունները 12 տարին չլրացած անձի նկատմամբ:
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով դատարանը հաստատված համարեց հետևյալը. ամբաստանյալը դեպքի օրն իր ավտոմեքենայով հարբած վիճակում երթևեկել է գյուղամիջյան ճանապարհով, նկատել է իրար հետ քայլող, քրեական գործով տուժող իննամյա աղջկան և նրա եղբորը: Նրանցից տեղեկանալով, որ գնում են համագյուղացու խանութ, առաջարկել է մեքենայով տանել: Երեխաներն իրենց կամքով նստել են ավտոմեքենայի հետևի նստատեղին: Քիչ անց վերջինիս պահանջով երեխաները հետևի նստատեղից տեղափոխվել են առջևի նստատեղ, տղան՝ դռան մոտ, հետո՝ նաև աղջիկը, ով նստել է փոխանցման տուփի կողքին՝ ամբաստանյալին ավելի մոտ:
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալն ավտոմեքենան վարել է դեպի գյուղ տանող ճանապարհ, խոսել է երեխաների հետ և այդ ընթացքում սկսել է աջ ձեռքով շոյել տասներկու տարին չլրացած աղջկա ոտքերը և սեռական օրգանը` դրանով պայմանավորված՝ վերջինիս նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: Աղջիկը փորձել է հարվածել նրա ձեռքին, բայց եղբայրը վախեցած խնդրել է, որ նման բան չանի, ասելով, որ ամբաստանյալը հարբած է և կարող է իրենց վնասել: Ամաչելուց և վախից, ինչպես նաև տեսնելով, որ ամբաստանյալը մեքենան չի կանգնեցնում` աղջիկը գոռացել է, ինչից հետո նա մեքենան շրջել է և երեխաներին տարել է խանութի մոտ, պահանջել է չիջնել մեքենայից, և իջնելով՝ ինքը մտել է խանութ: Քիչ անց երեխաները հուզված վիճակում իջել ու մտել են խանութ, որտեղ տեսնելով ամբաստանյալին` դուրս են եկել և վազելով հեռացել: Ճանապարհին նրանք հանդիպել են իրենց տատիկին և պատմել կատարվածի մասին:
Ամբաստանյալն, ըստ դատարանի վճռի, հայտնել է, որ ինքը դեպքի օրն ուզեցել է գնալ ինքնահող, ընկերոջն է սպասել, որ միասին գնան: Այնուհետև հանդիպել է երեխաներին, նրանց տարել է խանութի մոտ, ճանապարհին իջեցրել է, մոտ 10-15 րոպե մնացել է այնտեղ, ընկերոջն է սպասել: Երեխաներին հարցրել է, թե ուր են գնում, պատասխանել են, որ՝ խանութ, առաջարկել է նրանց տանել: Իր կարծիքով՝ հնարավոր չի մի ձեռքով մեքենա վարել, մի ձեռքով շոշափել, քանի որ այնտեղ շատ մեքենաներ են եղել, իսկ ինքը ծխախոտ է ծխել: Երեխաների նկատմամբ ոչինչ չի արել: Չի կարող ասել՝ հանուն ինչի է զոհ դարձել:
Ըստ դատարանի վճռի՝ տուժող աղջիկն ասել է, որ ամբաստանյալը միայն իր ոտքն է շոյել, ինքն ուզեցել է գոռալ, եղբայրն ասել է, որ նա խմած է՝ իրենց կսպանի: Նկատելով, որ նա խանութի մոտ չի կանգնում, ճանապարհին գոռացել է, նա ձեռքն իր ոտքի վրայից վերցրել է, հետո բերել է խանութի մոտ: Երբ նա գնացել է խանութ, ինքը եղբորն ասել է, որ դուռը բացի՝ փախնեն: Ամաչում է և չի կարող ասել՝ ինչ է նշանակում իր ասած «արգելված տեղը», ամբաստանյալը, բացի իր ոտքից, շոյել է նաև արգելված տեղը:
Ըստ դատարանի վճռի՝ աղջկա եղբայրը պատմել է, որ խանութ են գնացել՝ աղ գնելու համար: Երբ ճանապարհին տեսել են ամբաստանյալին, նստել են նրա մեքենայի հետևի մասում:
Ամբաստանյալն իրենց առաջարկել է տանել, չեն հրաժարվել: Վարելու ընթացքում նա առաջարկել է տեղափոխվել դիմացի նստատեղին, ինքը նստել է դռան կողմը, իսկ քույրը՝ ամբաստանյալի կողմը: Նա սկսել է քրոջ ոտքերին ձեռք տալ, իսկ քույրն ուզեցել է գոռալ: Չի կարող ասել՝ ինչու, բայց ինքը չի թողել, որ նա գոռա: Մեքենայի մեջ մագնիտոֆոն է եղել, իսկ ապակիները մութ են եղել: Հարցրել է՝ քույրը հեռախոս ունի՞, նա պատասխանել է, որ տանն է, առաջարկել է թղթի վրա գրել:
Ամբաստանյալը խմած է եղել: Իրենք սկզբից խանութից անցել են, բայց երբ քույրը գոռացել է, հետ են վերադարձել: Հասկացել է, որ վախենալու բան կա: Գոռալուց հետո նա իրենց բերել է խանութի մոտ: Դուռը բացել է, իջել են մեքենայից և գնացել խանութ՝ աղ գնելու, սակայն չեն գնել: Ճանապարհին հանդիպել են տատիկին, և քույրն ամեն ինչ պատմել է նրան:
Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: