Մահացու թունավորում՝ Տավուշի մարզում
Տավուշի մարզի Պտղավան համայնքում արձանագրվել է սնկից թունավորման 1 դեպք` մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ` Գիգաուրի Մակեդոնի (10տ.) կողմից դաշտից հավաքած հում սնկի օգտագործումն է:
Ուտելուց հետո հոկտեմբերի 9-ին երեխայի ինքնազգացողությունը վատացել է` ի հայտ են եկել գլխացավ, գլխապտույտ, փսխումներ և լուծ, սակայն բժշկի չեն դիմել:
Հաջորդ օրն առավոտյան երեխան ունեցել է գիտակցության կորուստ, որից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ժամը 19-ին ծայրահեղ ծանր վիճակում, սանիտարական ավիացիայով տեղափոխել են Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Չնայած բժիշկների ջանքերին` ցավոք, հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել:
• Ցանկալի չէ սնկերի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:
ՀՀ Առողջապահության նախարարություն