Քննչական կոմիտե. Երկու անձ ինքնաձիգից կրակահերթ են արձակել Ավետիսյան ամուսինների ավտոմեքենայի ուղղությամբ
2014 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:05-ին, ՀՀ ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1959 թվականի ծնված Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին երկու անհայտ անձինք, որոնցից մեկը՝ դիմակավորված, նախապես դարանակալելով Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 9-ը տան՝ ժամը 19։45-ի սահմաններում նկատել են ՀՀ քաղաքացի Լևոն Ավետիսյանի BMW մակնիշի ավտոմեքենան և սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ արձակել մոտեցող մեքենայի ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության ՝կրակոցների հետևանքով վարորդ Լ.Ավետիսյանը, ստանալով մահացու հրազենային վնասվածք, կորցրել է մեքենան ղեկավարելու հնարավորությունն ու բախվել պատին, իսկ ուղևոր Ն.Ավետիսյանը (Լևոն Ավետիսյանի կինը) ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք։
Դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով ուղևոր Ն.Ավետիսյանից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։
Ն.Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։