ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության. կայացավ նախնական դատական նիստ

2014 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի, տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցադիմումի քննության շրջանակներում նշանակված նախնական դատական նիստը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ, Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների:

Պահանջված տեղեկատվության տրամադրումը, սակայն, մերժվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վ. Եղիազարյանի կողմից, ով, վկայակոչելով «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը, նշել է, անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հաստիքների կամ ցուցակի, համարվում են գաղտնի: Հետագայում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ հիշյալ հրամանի պատճենը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի պատճենները ստանալու պահանջով, սակայն կրկին ստացել է մերժում՝ հրամանի՝ գաղտնազերծված չլինելու պատճառաբանությամբ:

Հիմք ընդունելով հիշյալ մերժումները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Ներկայացված հայցի շրջանակներում՝ 2014 թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացուցիչ, իրավաբան Արայիկ Զալյանը և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը: Նախնական դատական նիստի ընթացքում հստակեցվեցին հայցի առարկան և հիմքերը, կողմերը ներկայացրեցին հանրային իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերը: Դատարանը հստակեցրեց, որ ներկայացված հայցի հիմնավորման տեսանկյունից ապացուցման բեռը հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով կրում է վարչական մարմինը, իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով:

Այդպիսով, դատարանը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը, դատաքննությունը համարեց նախապատրաստած և սույն հայցի շրջանակներում նշանակեց դատաքննության օրը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցն ընդդեմ ՀՀ ոստիկանության կքննվի 2014 թ. նոյեմբերի 14-ին, ժամը 11:40-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս