Ըստ ԲՀԿ խոսնակի` Լևոն Տեր-Պետրոսյանն արձանագրել է իրողությունը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես արձանագրել է իրողությունը` ասելով, թե Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի է: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Քառյակի մեջ ընդգրկված մեկ այլ ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին:  Հարցն այսպես էր հնչում` դա միայն Տեր-Պետրոսյանի՞ գնահատականն է, թե՞ նաև ԲՀԿ-ի դիրքորոշումը:

ԲՀԿ խոսնակը չմեկնաբանեց Տեր-Պետրոսյանի գնահատականները, թե Հայաստանում ընդամենը 20-30 անհատներ են դեմ ԵՏՄ-ին, իսկ նրանց «ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:

Փոխարենը Ուրիխանյանն անդրադարձավ հարցի երկրորդ հատվածին. «Դա գնահատական չէր, դա իրողության արձանագրում էր: Դուք մեջբերեցիք իր խոսքերը, թե այլևս սա իրողություն է` Հայաստանն անդամակցել է: Սա փաստի արձանագրում է, այստեղ դիրքորոշում չեմ տեսնում, որ համաձայնեմ կամ չհամաձայնեմ: Կա իրականություն, իրականությունն այդպիսին է»:

Այս ամենի հետ մեկտեղ` Տիգրան Ուրիխանյանն ավելացնում է, որ ԲՀԿ-ն դեռ չի էլ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը, և ինքը կներկայացնի ԲՀԿ-ի դիրքորոշումը, երբ այն լինի:

Ներկայացնելով իր անձնական տեսակետը` Ուրիխանյանը հստակ դիրքորոշում չհայտնեց`ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դրակա՞ն քայլ էր, թե՞ բացասական, սակայն նշեց, որ այստեղ կան մի շարք հարցեր: Օրինակ` Հայաստանը, դուրս գալով մոտ 170 միլիոնանոց շուկա, մոտ 800 ապրանքատեսակների վերաբերյալ արտոնությունների գծով ունենալո՞ւ է հնարավորություն ապահովել բավական մեծ եկամուտներ, մուտքեր պետբյուջե, թե՞ , ինչպես միշտ, տնտեսական մենաշնորհներն իրենց դերը պիտի կատարեն, երկրորդը, կվերագործարկվի՞ աբխազական երկաթգիծը, թե՞ ոչ, և, ընդհանրապես, ի՞նչ տնտեսական վիճակի է հանգելու Հայաստանը` միանալով ԵՏՄ-ին:

«Այն, որ մենք սրանով վերահաստատում ենք մեր անվատանգության ձևաչափը, որում իրեն տեսնում է ՀՀ-ն, պարզ է բոլորի համար, որովհետև կա մի շատ տարրական հանգամանք` այլընտրանք չկա: Այն, որ մենք խորացնում ենք կապը նշյալ պետությունների, մասնավորապես` ՌԴ-ի հետ, ակնհայտ է: Այն, որ «Բարգավաճ Հայաստանը» միշտ խոսել է ՌԴ-ի հետ հարաբերությունների բոլոր ուղղություններով զարգացման ու ամրապնդման օգտին, ևս միանշանակ է: Բայց իշխանությունները, որոնք ստորագրել են այդ համաձայնագիրը, փոխկապակցված ու համոզիչ կերպով դեռևս չեն ներկայացրել` ԵՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ինչ է տալու Հայաստանին»,- ավելացրեց ԲՀԿ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս