Ս. Անանիայի մասունքակիր աջը կտեղափոխվի Երևանի Ս. Զորավոր եկեղեցի

Վաղը` հոկտեմբերի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Ս. Անանիայի Աջը:
09:30-ին Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով կդիմավորեն ու կուղեկցեն մասունքակիր աջը մինչև եկեղեցի:
1.00-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30: Հավատացյալները կարող են իրենց խոնարհումը բերել սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցել:

Ս. Անանիա առաքյալը
Ս. Անանիա առաքյալը Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշակվում է Ս.Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, հենց Ս. Անանիան է նրան բժշկում, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Նա Ս. Անանիայի կողմից Ս. Մկրտությամբ ստանում է Պողոս անունը և նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում քրիստոնյաների ընտանիքին:
Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին հավատացյալ է Ս. Զորավոր:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Տեսանյութեր

Լրահոս