Եռյակի գործելակերպը սպառնալիք է ՀՀ սահմանադրական կարգի հիմունքներին. Քաղպայմանագիր

«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը գնահատել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքը եւ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը, գնահատելով 2014թ. հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքը, անհրաժեշտ է համարում արձանագրել.

1. Հանրահավաքի հարթակից շեշտվեց, որ ոչ իշխանական ուժերը հրապարակ եկած Քաղաքացուն վերապահում են երկրորդական դեր` նրան «զսպելով» քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց:

2. Հանրահավաքը կազմակերպած ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ:

Նման մոտեցումը անընդունելի է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համար: Մեր գնահատմամբ` հենց այդպիսի գործելակերպն է ընկած Հայաստանի երրորդ Հանրապետության ձախողումների հիմքում:

Սրա հետեւանք է նաեւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս դարձնելու Սերժ Սարգսյանի վարչախմբի որոշումը, ինչը դե ֆակտո արժանացավ ոչ իշխանական ուժերի հավանությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այս գործելակերպը` դա համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի սահմանադրական կարգի հիմունքներին:

Հաշվի առնելով վերոգրյալը` «Քաղաքացիական պայմանագիրն» առաջնային է համարում հանրային-քաղաքական նոր օրակարգի եւ այդ օրակարգի շուրջ քաղաքական նոր հարթակի ձեւավորումը: Այս նպատակով անհրաժեշտ ենք համարում ընդլայնել քննարկումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերը նշված գնահատականները կիսող ընդդիմադիր քաղաքական ուժերի, Արցախի եւ Սփյուռքի հանրային-քաղաքական շրջանակների, ակտիվ անհատների հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը այս գործընթացում իրեն դիտարկում է որպես հավասարներից մեկը եւ միտված չէ իրեն վերապահել «առաջնային», «որոշիչ» դերակատարում, միեւնույն ժամանակ պատրաստ լինելով ստանձնել իր բաժին պատասխանատվությունը` Հայաստանում հաստատված խորքային ճգնաժամը հաղթահարելու գործում:

Տեսանյութեր

Լրահոս