Բաժիններ՝

«Ինձ համար խոնարհ կնոջ կերպարը Աստվածամայրն է». Ալլա Լևոնյան

qahana.am-ը զրուցել է երգչուհի Ալլա Լևոնյանի հետ

– Հեշտությա՞մբ եք հանդուրժում քննադատությունը Ձեր հանդեպ:
– Ոչ: Քննադատություն չի եղել, մեկ-երկու անգամ լսել եմ, որ այս կամ այն երաժշտությունը, որ ստեղծագործել եմ՝ իմը չէ, բայց երգում եմ: Խոսքը «Հայաստան» երգի մասին է: Գուցե այդ երգը հայկական լադում չէ, բայց դրա մեջ հայկական ոգի կա, որովհետև ես եմ գրել և երգում եմ: Իմ մտածողությունը, սիրտը, միտքը հայկական է: Մի քանի անգամ լսեցի, որ այդ երգը հայկական չէ, սակայն ինչո՞ւ են կարծում, որ միայն հայկական երգեր պիտի երգեմ:

Ի դեպ, իմ հոգու երաժշտությունը հայկական մտածելակերպով է: Քննադատությունը վատ բան չէ, բայց պիտի քննադատել, երբ դրա կարիքը կա: Ես էլ կատարյալ չեմ, բայց չեմ կարծում, որ թույլ եմ տալիս քննադատելի արարքներ:

– Համբերությամբ կարո՞ղ եք տանել դիմացինի թերությունները:

– Ես թերություններ ունեմ և գիտակցաբար ուրիշի թերություններն էլ հանդուրժում եմ: Եթե այն մարդը, ով ամբողջ կյանքում պիտի ինձ հետ ապրի, ունենա ծայրահեղ թերություններ, որոնք անընդհատ պիտի ազդեն ինձ վրա, կխնդրեմ նրան, որ փոխվի: Ընդհանրապես, ես համբերատար եմ և ներողամիտ:

– Կարո՞ղ եք սխալվելուց, ուրիշին վիրավորելուց հետո հեշտությամբ ասել. «Ներիր»:

– Այո, կարող եմ: Ես շատ զգացմունքային մարդ եմ և շուտ բռնկվող: Գիտեմ, որ այս կամ այն բանը չպետք է ասեի, կամ անեի, բայց ասում և անում եմ: Պատահում է, որովհետև մարդ եմ, ինչպես բոլորը, այնպես էլ ես՝ կատարյալ չեմ: Բայց փորձում եմ հնարավորինս ավելի մեղմ, ավելի բարի լինել: Իսկ նեղացնելը չարությամբ չի արվում, մտածված չէ, այլ` պահի ազդեցության տակ, և պատրաստ եմ ներողություն խնդրել:

– Շոու բիզնեսի ասպարեզում միշտ էլ մրցակցություն է լինում: Փորձո՞ւմ եք առաջ անցնել ինչ-որ մեկից, կամ նմանվել որևէ երգչի:

– Մրցակցություն միշտ էլ կա, բայց ես չեմ մրցում. ո՞ւմ հետ կամ ինչի՞ համար մրցել: Նմանվե՞լ, երբևիցե, ոչ, որովհետև ստեղծագործող մարդն ունի իր ձեռագիրը, ուրույն տեղն ու կերպարը: Իսկ մի տեսակից երկրորդը չի լինում: Պետք է իմ նմանը լինի, որպեսզի փորձեմ ավելին անել, այդ ոճի մեջ առաջ գնալ: Ես ունեմ իմ տեղը, մեկ ուրիշն՝ իր:

– Ո՞վ կարող է համարվել խոնարհ ու առաքինի կին:

– Անպայման համեստ, հավատարիմ կինը, ով այդպիսին է թե հոգով, թե մտքով, թե սրտով և թե մարմնով: Կինը պետք է շատ զուսպ, համեստ ու ժպտերես լինի: Տղամարդ կին հասկացողությունը չեմ ընդունում, բայց ուժեղ կին՝ ընդունում եմ: Կանայք բնորոշ գծեր ունեն, տղամարդիկ՝ նույնպես: Ինձ համար խոնարհ կնոջ կերպարը Աստվածամայրն է:

– Դարիս արժեչափերը շատ են փոխվել թե ժամանակի առումով, թե արտերկրի ազդեցության ներքո: Ինչպե՞ս եք նայում ազգային ավանդապաշտության գոյությանն ընտանիքում:

– Շատ լավ: Ես երիտասարդ եմ և կարծում եմ, որ կյանքը պետք է առաջ գնա: Անհրաժեշտ են նորամուծություններ ու առաջընթացներ, և հնարավոր չէ դարեր շարունակ նույն կյանքով ապրել, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ազատությունն էլ պետք է չափավոր, գեղեցիկ լինի: Թող մի շարք երիտասարդներ քեզ հետադեմ համարեն, բայց մեծամասնությունը ճիշտ կընկալի և կընդունի: Ինձ, համենայն դեպս, հայուհու կերպարի մեջ են տեսնում, որի համար շատ ուրախ եմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս