Ինչքան ճանապարհ է այս տարի բարեկարգվել Արցախում. մանրամասնել է քաղաքաշինության փոխնախարարը

Արցախում միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են համայնքների և շրջվարչակազմերի ներկայացրած հայտերի հիման վրա՝ հաշվի առնելով այդ ճանապարհների վերանորոգման հրատապությունն ու ռազմավարական նշանակությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը։

Փոխնախարարի տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարում ներհամայնքային, միջհամայնքային, ներհանրապետական և միջհանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ասֆալտապատման և վերականգնողական աշխատանքների իրականացման համար ծախսվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 200 մլն դրամ գումար։

Ընդ որում՝ միջհամանքային և ներհամայնքային ճանապարհների վերականգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր շրջաններում՝ ընդհանուր առմամբ 202 կմ երկարությամբ։ Բացի այդ, Քաշաթաղի, Ասկերանի և Շուշիի շրջաններում բացվել և բարեկարգվել են շուրջ 60 կմ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող դաշտամիջյան և անտառային ճանապարհներ։

Ինչ վերաբերում է միջհանրապետական և ներհանրապետական նշանակության ավտոճանապարհներին, ապա, նրա հաղորդմամբ, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտ – Գորիս ավտոմայրուղու 4 կիլոմետրանոց հատվածում, ինչպես նաև Ստեփանակերտ –Կարմիր շուկա 3,2 կմ ճանապարհահատվածի և Ստեփանակերտ – Վանք ավտոճանապարհի Այգեստան գյուղով անցնող 1 կմ-անոց հատվածի վրա։

Տեսանյութեր

Լրահոս