
«Հայազն». Մենք շարունակելու ենք հայրենակենտրոն ուժի համախմբման ջանքերը

«Հայազն» կուսակցությունը վերահաստատում է Եվրասիական Տնտեսական միությանը Հայաստանի միանալու մեր բացարձակ մերժումը։ Գտնում ենք, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրելով, Սերժ Սարգսյանը գերազանցել է նույնիսկ իր կողմից ապօրինաբար սեփականացված նախագահական լիազորությունները, պետք է հեռացվի իշխանությունից և ենթարկվի ոչ միայն քաղաքական պատասխանատվության:
Խստագույնս դատապարտում ենք նաև ընդդիմադիր ուժերի մի մասի կողմից այդ հանցագործությունը օրինականացնելու և դրա իբր «անշրջելիության» պատրվակով քաղաքացիների դիմադրական շարժումները հանգցնելու փորձերը։
Որպես ազգային-հեղափոխական միավոր «Հայազնը» արհեստական և ջլատող է համարում արտաքին ու ներքին ազատագրման օրակարգերի հակադրումը՝ այդ երկուսը դիտարկելով տրամաբանական միասնության մեջ:
Մենք շարունակելու ենք հայրենակենտրոն ուժի համախմբման ջանքերը, վստահությամբ, որ նրա հաղթանակը վերջ կդնի այդ թվում Հայաստանի անդամակցությանը մեր ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վերպետական կազմավորումներին:
ԿԵՑՑԵ՜ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
«Հայազն» վարչություն