Հայաստանում է Ջոն Բելեզիկյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, Էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել
«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին կայանալիք 8-րդ ամենամյա գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Արմեն Մուրադյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց առողջապահական արդի խնդիրներին, ներկայացրեց ծրագրերն ու ուղղությունները: Նախարարն ընդգծեց, որ առողջության պահպանման առաջնային օղակի հզորացումը գերակա ուղղություն է համակարգի համար:
«Տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակիչ պարտադիր պետք է պոլիկլնիկայում զննում անցնի: Այս ծրագիրն իրականացնելու հիմքում մարդկանց առողջ պահելու, այլ ոչ թե հիվանդությունը բուժելու գաղափարն է»,- նշեց Արմեն Մուրադյանը` տեղեկացնելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:
Նախարարը շնորհակալություն հայտնեց անվանի պրոֆեսորին հայանպաստ աշխատանք կատարելու և առողջապահության նախարարության հետ երկար տարիներ համագործակցելու համար:
«Զուգահեռ մի քանի ծրագրերին, որոնց կարիքն ունի մեր երկիրը, առողջապահական համակարգը, կան ծրագրեր, որոնք չեն ենթարկվում որևէ չափորոշչի, չեն հաստատվում առողջապահության նախարարությունում, ինչը չի համապատասխանում և արժեզրկում է այն մեծ աշխատանքը, որը մեր հայրենակիցները տարիներ շարունակ սփյուռքահայության անունից իրականացրել են Հայաստանում»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Ջոն Բելեզիկյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին առողջապահական համակարգի ներկայիս ծրագրերը և անելիքները, մտահոգությունները գործընկերներին ներկայացնելու համար: Նա համակարծիք էր, որ առողջապահական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է հետևել միջազգային չափանիշներին և պահանջներին` գործելով բացառապես իրավական դաշտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին օստեոպորոզին, շաքարային դիաբետին, առողջ սննդակարգին վերաբերող հարցեր: Մասնագետների ուշադրության կենտրոնում էին նաև հանրային առողջապահական խնդիրները:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունն ի նպաստ Հայաստանում առողջապահական համակարգի զարգացման:
«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» 8-րդ ամենամյա գիտաժողովի շրջանակում անդրադարձ կկատարվի օստեոպորոզին վերաբերող արդիական թեմաների: Կներկայացվեն հիվանդության բուժման կլինիկական և գիտական ձեռքբերումները, նորագույն միջազգային փորձը: Զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
ՀՀ Առողջապահության նախարարություն