ՔՀԻ-ն չի ցանկանում մաս կազմել մի հանձնաժողովի, որը փաստացի չի գործում

Հոկտեմբերի 10–ը, 2014թ., Երևան։ Հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ նախագահ Արման Դանիելյանը և ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը խոսեցին ուժային կառույցների նկատմամբ հասարակական վերահսկողության դերի, Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի իրավասությունների և դրանից բխող խնդիրների մասին։

ՔՀԻ-ին հոկտեմբերի սկզբին հայտարարեց հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին։ Պատճառը, ըստ Արման Դանիելյանի, հետևյալն էր. «Ես ակնկալում էի, որ հանձնաժողովն աշխատելու է։ Բայց, փաստորեն, այս ամիսների ընթացքում որևէ նիստ չի գումարվել։ Միակ նիստը, որ գումարվեց, իմ դուրս գալու դիմումից հետո եղավ, սակայն օրակարգում հանձնաժողովի իրավասության հետ կապված ոչ մի հարց չկար։ Ես փորձեցի ներկայացնել առաջարկություն, որ հասարակական կարգը պահպանող ոստիկանների բոլոր խախտումները քննարկվեն հանձնաժողովում, բայց իմ առաջարկը չընդունվեց։ Դա նշանակում է, որ հանձնաժողովը շարունակելու է աշխատել նույն ձևով, այսինքն՝ չաշխատել։

Հաշվի առնելով այս ամենը՝ հանձնաժողովի գործունեությունը ձևական բնույթ է կրում, և մենք չենք ցանկանում մաս կազմել չգործող կառույցի»։
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը պարզաբանեց, որ հանձնաժողովի հիմնական գործառույթը հավաքների ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումներն են։

Իսկ ոստիկանը կարգապահական կոպիտ խախտում կատարել է թե ոչ, պետք է պարզի ծառայողական քննությունը։ Եթե դա կոպիտ խախտում չէ, հանձնաժողովն իրավասու չէ քննարկել։ «Մենք ի սկզբանե չենք կարող ոստիկանության ծառայողի գործողություններին որակում տալ, մինչև ծառայողական քննությունը չավարտվի։ Դա, առնվազն, անմեղության կանխավարծակի խախտում է»,– նշեց Մերուժան Հակոբյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նիստեր չեն գումարվել, որովհետև առիթ չի եղել։
Հակադարձելով ոստիկանության աշխատակցին՝ Արման Դանիելյանը կարծիք հայտնեց, որ ավելի արդյունավետ կլինի քննարկել բոլոր գործերը, նույնիսկ այն գործերը, որոնց դեպքում չի հաստատվել կարգապահական խախտում կատարելու փաստը։

«Այս պարագայում մենք կարող ենք ասել, որ հանձնաժողովը հասարակական վերահսկողություն է իրականացնում, այսինքն՝ ստուգում է՝ արդյո՞ք ոստիկանությունը պատճաշ քննություն է իրականացրել և չի՞ փորձում արդյոք կոծկել կամ հովանավորել խախտում կատարած ոստիկանին։ Իսկ եթե հանձնաժողովը քննարկում է ծառայողական քննության արդյունքում կոպիտ կարգապահական խախտում որակված գործերը միայն, ապա ակամայից դառնում է ոստիկանի պատժաչափ որոշող կամ ոստիկանին արդարացնող մարմին»,– համոզված է ՔՀԻ նախագահը։
Ոստիկանության իրավաբանական վարչության պետի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2014թ.–ին միայն մեկ դեպք է գրանցվել, երբ հավաքների ժամանակ ոստիկանը կոպիտ կարգապահական խախտում է կատարել։ Ոստիկանությունում հարուցված վարույթը կասեցվել է մինչև քրեական գործով որոշման ուժի մեջ մտնելը։
Արման Դանիելյանը ներկայացրեց խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված մարդու իրավունքների ոտնահարման մի քանի դեպք, որոնք արդեն իսկ հաստատվել են վարչական դատական վճիռներով։ «Արդյո՞ք դատարանի վճիռները հիմք չեն՝ կարգապահական վարույթ սկսելու համար»,– հարցրեց նա։

Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ դատարանը ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարց չի լուծում, իրենք տեղյակ են այդ վիճռներից և առայժմ իրենք ուսումնասիրում են։

Ամփոփելով իր խոսքը՝ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ մեկ ու կես տարվա փորձը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կանոնակարգը փոփոխության կարիք ունի։
«Կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավելու ոստիկանության նախաձեռնությունը կարևոր քայլ էր ուժային կառույցի նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու տեսանկյունից։ Եվ մենք պատրաստ ենք առաջարկություններ ներկայացնել կանոնակարգի փոփոխության և բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել և ընդլայնել հանձնաժողովի իրավասության շրջանակները։

Հավելյալ տեղեկատվություն
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը ստեղծվել է խաղաղ հավանքերի ժամանակ հասարակական կարգն ապահովող ոստիկանների նկատմամբ կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը քննություն առնելու համար: 2013 թ.-ից հինգ հասարակական կազմակերպություններ ընդգրկվել են Կարգապահական հանձնաժողովի կազմում՝ հասարակական վերահսկողությունն ապահովելու համար: ՔՀԻ–ն հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 2014թ. մայիսի 8-ի Կառավարության որոշմամբ։
Տեսնելով, որ հանձնաժողովը ոչ մի նիստ չի հրավիրում՝ հունիսի 25-ին Արման Դանիելյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Մտահոգություն հայտնելով հունիսի 23-ին Սարյան 22 հասցեում ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման միջադեպի վերաբերյալ՝ նա առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել հավաքի ժամանակ հասարակական կարգ պահպանող ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով՝ նամակին կից ներկայացնելով համապատասխան տեսանյութեր։ Մանրամասները՝ այստեղ.

Սակայն Ոստիկանության իրավաբանկան վարչությունից պարզաբանել են, որ «հանձնաժողովի նիստ դեռևս չի հրավիրվել, քանի որ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումները կոպիտ խախտումներ չեն հանդիսացել, և դրանց քննությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով՝ առանց հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու»: Մանրամասները՝ այստեղ.
Հոկտեմբերի սկզբին ՔՀԻ–ն հայտարարեց ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը և ձևական բնույթ կրելը։ Հայտարարության մանրամասները՝ այստեղ.

Մամլո ասուլիսի կազմակերպումը հնարավոր է դարձել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվող Եվրոպական միության համաֆինանսավորած «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:
Մամլո ասուլիսի ընթացքում, ինչպես նաև սույն հաղորդագրության մեջ արտահայտված կարծիքները որևէ ձևով չեն արտահայտում Եվրոմիության տեսակետները:

 

ՔՀԻ հաղորդակցության գծով պատասխանատու

Տեսանյութեր

Լրահոս