Տիգրան Ուրիխանյան. Քաղաքացու ազատ տեղաշարժը խոչընդոտողը պիտի կրի օրենքով սահմանված պատասխանատվություն

«Եթե որևէ մեկը խոչընդոտեց քաղաքացու ազատ տեղաշարժը, նա պիտի կրի օրենքով սահմանված պատասխանատվություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով այսօր Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

Ըստ նրա` ինչ-որ զանգեր լինում են, և մարդիկ ահազանգում են ինչ-որ խնդիրների մասին, սակայն կոնկրետ փաստեր առայժմ չկան:

Տիգրան Ուրիխանյանը նաև տեղեկացրեց, որ գործում է թեժ գիծ` 011 51 33 06, որին կարող են զանգահարել քաղաքացիները, եթե որևէ կերպ խոչընդոտել են նրանց ազատ տեղաշարժը. «Մենք չենք ցանկանում մակերեսային խոսակցությունների կամ ասեկոսեների հիման վրա ոչ աղմուկ բարձրացնել, ոչ միջոցներ ձեռնարկել: Մեզ անհրաժեշտ են փաստեր: Եթե որևէ մեկը խոչընդոտեց քաղաքացու ազատ տեղաշարժը, նա պիտի կրի օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Նշենք, որ առավոտյան ԲՀԿ-ից եղան տեղեկություններ այն մասին, որ Աշտարակից Երևան ուղևորվող քաղաքացիներին արգելում են մտնել Երևան և ստուգման են ենթարկում անձնական ավտոմեքենաները, իսկ Բյուրեղավան-Երևան երթուղիների գործունեությունը դադարեցվել է:

 

Տեսանյութեր

Լրահոս