Արմեն Գևորգյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը: Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը Հայաստանում է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նոր՝ 2016-2020թթ. ծրագրային փուլի նախապատրաստման համար:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել, իրականացվում են ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունքներ են տալիս: Ընդամենը շաբաթներ առաջ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր ստորագրվեց, ինչը, փոխվարչապետի գնահատմամբ, այդ համագործակցության արդյունք է:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կարողացել է ՀՀ կառավարությանը օգտակար լինել այս կամ այն սոցիալական մարտահրավերին գլոբալ լուծում գտնելու հարցում՝ փորձելով նաեւ ինստիտուցիոնալ հնարավորություններ եւ կարողություններ ձեւավորել՝ կոնկրետ մեխանիզմների ներդրման միջոցով: Առաջիկա տարիներին ՀՀ կառավարությունը բարեփոխումների լուրջ օրակարգ ունի եւ, համոզված եմ, որ այդ օրակարգի մի զգալի մասի իրականացմանը կլինի նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը»,- ընդգծեց փոխվարչապետը:

Զրուցակիցները քննարկեցին տարածքների համաչափ զարգացման եւ այդ համատեքստում՝ մարզերում հատկապես երեխաների համար նախատեսված սոցիալական ծառայությունների հասանելիության, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ամրապնդման, սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց առաջիկա ծրագրերի, մասնավորապես՝ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագծի մշակման, վարչատարածքային բարեփոխումների ընթացքի, տարածքային զարգացման նոր

հիմնադրամի ձեւավորման ծրագրերի մասին, որոնց առանցքում լինելու է տարածքների զարգացումը:

Անդրադառնալով սոցիալական ծառայությունների զարգացմանն ու մարզերում դրանց հասանելիության ապահովմանը, փոխվարչապետը դրական համարեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ միաժամանակ կարեւորելով դրա ամրապնդումը: Նա առաջարկեց մինչ օրս կատարված աշխատանքների գնահատում իրականացնել, ինչը կառավարությանը հնարավորություն կտա գործընթացում արձանագրված թերությունները շտկել եւ առաջ գնալ: Փոխվարչապետը կարեւորեց նաեւ մասնագետ սոցիալական աշխատողների ինստիտուտի ձեւավորումը:
Մարի Պիեռ Պուարեն ներկայացված ծրագրերն ու առաջարկները կարեւոր համարեց՝ ընդգծելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել: Նշվեց, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն հայաստանյան գրասենյակի առաջիկա հնգամյա ծրագիրը մշակելիս:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս