Օֆշորի գործով առերեսումը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի և հիմնական տուժող Փայլակ Հայրապետյանի միջև առերեսումը տևել է չորս ժամ։
Հայրապետյանը Սուքիասյանի հետ աոերես հարցաքննվել է անցած շաբաթ երկու անգամ։ Սա նշանակում է, որ երկուսի ցուցմունքների միջև եղել են էական հակասություններ։

Հայրապետյանը, սակայն, բազմիցս լրագրողների հետ զրույցում նշում էր, որ Սուքիասյանի հետ հրաժարվում է առերեսվել, քանի որ նա ընդամենը զործիք է այս գործում, նա պահանջում էր առերեսում Տիգրան Սարգսյանի և Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։

Երեկ, ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ էր նա գաղտնի պահում Սուքիասյանի հետ առերեսվելու փաստը և ինչպե՞ս որոշեց ի վերջո գնալ առերեսման, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց.

«Գաղտնիության հարց չկար։ Ճիշտն ասած, ես չէի ուզում գնալ, բայց քննիչն ասաց դա քննչական գործողություն է էս պահանջ, դրա համար էլ գնացի»։

Մանրամասներ ներկայացնելով Սուքիասյանի հետ առերես հարցաքննությունից գործով հիմնական տուժողն ասաց, «Սուքիասյանը պատմեց, որ ստացել է գումարները, սակայն նպատակային չեն օգտագործվել, այդ գումարները գցել են օֆշորային գոտում իրենց երեքի անունով (Սարգսյանի, Կճոյանի և Սուքիասյանի), հետո գումարներ տեղափոխել են Հայաստան, բանկում պահել են, կանխիկացրել են, ոսկի են առել։ Այ, սենց բաներ են էլի դրանք արել։ Ես հարցնում էի, ի՞նչ ես արել գումարները, Սուքիասյանը պատասխանում է, թե ինձ քցել են։ Լավ են արել քցել են։

Եթե ինքը օրենքով չի աշխատել, ինձ խաբել է, պետք է իրեն էլ խաբեին, բա ի՞նչ պետք է անեին։ Ի՞նչ քցելու մասին է խոսքը, եթե գումարը բերել է Հայաստան։ Խոսում է էլի։ Ես իրան հարցրեցի դա օֆշորային գոտում հաշիվներ ես բացել, երեք ձեռնարկություններ Սուքիասյանի, Սարգսյանի և Կճոյանի անուններով, ճի՞շտ է, ասաց այո։ Իմ հարցին, թե ի՞նչ ես արել այդ գումարները, ինչո՞ւ ես ձեռնարկություններ բացել.

Սուքիասյանը պատասխանում է, թե բացել է. որ իր բիզնեսը ապահով լինի, չկպնեն։ Ասում եմ էդ ո՞վ պետք է կպներ քո բիզնեսին։ Ինքն էլ հաստատում է, որ Սարգսյանն այս գործում կապ ունի։ Ասում է ես եմ իրենց անունները գրել, որ իմ բիզնեսը ապահով լինի։ Բնականաբար, ինքը հաստատում է, որ Սարգսյանն ու Կճոյանը այս ամեն ինչից լավ տեղյակ էին։ Աշոտը 2008 թվականին Աֆրիկայից մարդ է բերել, տարել է Սարգսյանի մոտ, գնացել են ռեստորան, էս ամեն ինչը պայմանավորված է եղել։

Եթե իրենք այս գործում չլինեին, ո՞նց կարող էր անունը տալ, ո՞նց կարող էր իրենց անունով ձեռնարկություն բացեր, իրենց ստորագրություններով։ Դե որ տենց հզոր անվան կարիք ուներ, որ բիզնեսին չկպնեին, թող Օբամայի անունով գրեր ավելի ապահով կլիներ։ Երբ Աշոտ Սուքիաս յանին հարցրեցի Տիգրան Սարգսյանի և Կճոյանի ստորագրությունների մասին, ասաց, որ ինքը կեղծել է դրանք»։

Հարցին, թե, այնուամենայնիվ, գործն ի՞նչ ընթացք կստանա, Փայլակ Հայրապետյանն ասաց, որ դեռ նախաքննություն է ընթանում, սակայն հույս հայտնեց, որ լավ է լինելու, և ինքն անպայման հաղթելու է։

Մեր ճշտող հարցին, թե շարունակելո՞ւ է պնդել Սարգսյանի և Կճոյանի մասնակցությունը այս գործին. Հայրապետյանը պատասխանեց. «Ես կապացուցեմ իրենց մասնակցությունը։ Ես նաև քննիչից պահանջում եմ, որպեսզի իրենք հարցաքննվեն ու առերեսվեն ինձ հետ։ Բայց այս գործով ամենամեծ մեղավորը «Ամերիաբանկ»–ն է. իր աշխատակիցներով։ Եթե իրենք նորմալ աշխատեին, այս ամենը չէր լինի։ Բանկը պետք է իմ գումարները վերադարձնի, ուրիշից չեմ ուզում. բանկից եմ ուզում»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս