Տարեկան Հայաստանից մեկնողների թիվը միջին հաշվով 30.000-ով ավելի է ժամանածների թվից. ժողովրդագիր

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակից, նշեց, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա այս ուղղությամբ, այլև իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար:
«Ծնելիությունը շարունակում է նվազել և այդ միտումը չի դադարելու մոտակա տարիների ընթացքում, որովհետև վերարտադրական տարիք են մուտք գործում 90-ականների ընթացքում ծնվածները, որոնք քանակապես իրենց նախորդ սերունդներից քիչ են:

Մահացությունը շարունակում է աճել, ինչը պայմանավորված է բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխություններով. շարունակվում է բնակչության ծերացման պրոցեսը»,- ասաց նա:

Իրավիճակը՝ բնական վերարտադրության տեսանկյունից ներկայացնելուց հետո, ժողովրդագիրը ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ է միգրացիայի առումով. «Միգրացիոն իրավիճակում ևս չկան դրական փոփոխություններ: Տարեկան միջին հաշվով մեկնողների թիվը 30.000-ով ավելի է ժամանածների թվից: Այս բացասական տարբերության հետևանքով շարունակաբար նվազում է մեր բնակչության թվաքանակը (տարեկան մոտ 1 տոկոս): Այդ 30.000-ը մոտավորապես 30 միջին մեծության գյուղ է»,- նշեց նա:

Բանախոսը հիշեցրեց, որ դժվար է հավաստի տվյալներ օգտագործել, քանի որ այդպիսիք չկան. «Մեր միգրացիան քողարկված բնույթ է կրում: Միգրանտների գերակշիռ մասն իրենց մեկնումները չեն արձանագրում, որի հետևանքով մեր պաշտոնական միգրացիոն տվյալները իրականությունից էապես տարբերվում են:

Մշտական բնակության մեկնողների հոսքը մոտավորապես կազմում է այս 30.000-ի կեսը, մյուս կեսը՝ ոչ սեզոնային աշխատանքային միգրանտներն են, որոնց ես անվանում եմ տևական աշխատանքային միգրանտներ, որոնք մեկ տարուց ավել ժամանակով բացակայում են երկրից»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո միգրացիոն ի՞նչ կանխատեսումներ կարող է անել, նա պատասխանեց. «Տեսականորեն փաստաթուղթը ենթադրում է կապիտալի, աշխատույժի ազատ տեղաշարժ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ նկատի ունեն «ազատ» ասելով: Ես կարող եմ ասել, որ դա ընդամենը կնշանակի ենթարկվել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության բոլոր այն տարրերին, որոնք այսօր կան: Այսինքն՝ դու էլի պետք է գրանցվես, էլի պետք է ունենաս աշխատանքի թույլտվություն, էլի պետք է ենթակա լինես վարչական օրենսդրությանը: Չեմ կարծում, թե Ռուսաստանը կասի՝ առանց ռեգիստրացիայի գնա, որտեղ ինչ ուզում ես՝ արա: Դրա համար ես չեմ կարծում, թե դրանից հետո մեր միգրանտների վիճակը էականորեն կբարելավվի»:

Տեսանյութեր

Լրահոս