Տիգրան Ուրիխանյան. Ով մեղավոր է` պիտի հեռանա

«Ով մեղավոր է և ով չի ուզում շտկել իրավիճակը՝ պիտի հեռանա»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին:

Տիգրան Ուրիխանյանը տարօրինակ է համարում այն, որ հատուկ շեշտադրում արվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վերջին ձևակերպման վրա, թե այս իշխանությունը պիտի հեռանա, քանի որ իրենք դրա մասին խոսել են ոչ միայն Վանաձորում, այլև Իջևանում, Արարատում և այլ քաղաքներում:

Նրա խոսքով` եռյակը (նախկինում` քառյակը) ի սկզբանե հանդես է եկել սոցիալական, տնտեսական և իրավական բնույթի հարցերից կազմված օրակարգով, որն ամփոփված էր 12 պահանջներում, սակայն, երբ ժամկետները սպառվեցին, և իշխանությունները չտվեցին լուծումներ այդ խնդիրներին, եռյակը հայտարարեց, որ այլևս հանդուրժողականությունը և համբերությունը սպառված է:

«Պատասխանատուները` իշխանությունները, ցանկություն չդրսևորեցին լուծումներ տալու, այնուհետև, ըստ էության, մերժեցին բավարարել 12 գումարած ևս մի քանի կետերի պահանջները, հետևաբար՝ մենք ստիպված դուրս եկանք փողոց և ասացինք` ժողովուրդ, միացե՛ք, միավորվե՛ք, միասնականորեն արտահայտենք մեր պահանջը` կա´մ տրվում է լուծում, կա´մ իշխանությունների գոյությունը պետական կառավարման համակարգում ինքնաբերաբար հարցականի տակ է ընկնում: Ամեն ինչ շատ բնական է, ամեն ինչ հասունացել է շատ օբյեկտիվ ճանապարհով»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Այդուհանդերձ, նա չցանկացավ ամբողջությամբ բացել փակագծերը և պարզաբանել` արտահերթ իշխանափոխության հարցը դրվելո՞ւ է հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, թե՞ ոչ. «Առաջարկում եմ, որպեսզի հոկտեմբերի 10-ին տեղում տեսնեք` ինչ կդրվի»:

ԲՀԿ մամուլի խոսնակը մեր խնդրանքով անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանական մեծամասնության անդամ Հովհաննես Սահակյանի մեկնաբանությանն այն մասին, թե ԲՀԿ-ն և եռյակի մյուս ներկայացուցիչները պետք է հստակեցնեն` ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են՝ «իշխանություններ», և խոսում են իշխանափոխության մասին:

«Իշխանություն ասածը լայն հասկացություն է: Եթե դժգոհ են նախագահի, կառավարության կամ Ազգային ժողովի աշխատանքից, թող կոնկրետացնեն` իշխանություններ ասելով՝ ո՞ւմ ի նկատի ունեն, ի՞նչ ի նկատի ունեն, այն ժամանակ կանդրադառնանք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր Հովհաննես Սահակյանը:
Ի պատասխան` Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց, թե ինչից են իրենք դժգոհ.
«40 տոկոսի հասած աղքատությունից, ճգնաժամային մակարդակի արտագաղթից, գործազրկության ահռելի ծավալներից, իրավահավասարության բացակայությունից, տնտեսության զարգացման տեմպերի բացակայությունից, և այլն: Իսկ դրա պատասխանատուները գործող իշխանություններն են, ընդ որում՝ այստեղ չկա ոչ մի սահմանափակում: Եթե իրենք ուզում են ինչ-որ ձևակերպումների վրա մեզ բռնացնել, պետք չի պղտորել զուլալ ջուրը, այնուհետև այդ պղտորված ջրում որևէ բան որսալ:

Ամեն ինչ շատ պարզ է. ով մեղավոր է և ով չի ուզում շտկել իրավիճակը, պիտի հեռանա: Ովքեր են սրանում մեղավոր`կարծում եմ, հարցը հռետորական է: Պարզաբանելու բան չկա: Հոկտեմբերի 10-ին կլսեք այն ամենը, ինչ կասվի: Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Հոկտեմբերի 10-ից սկսած` կա´մ բավարարվում է լայն ժողովրդական զանգվածի կողմից առաջ քաշված պահանջը, կա´մ նրանք, ովքեր դրան դեմ են լինելու, պիտի հրաժարական տան` վերից վար, առանց բացառությունների»:

Տեսանյութեր

Լրահոս