
Վարդան Բոստանջյան. «Իշխանությունը հուզված տիկին կամ օրիորդ չէ, որ անմիջապես նեղանա. իրենք անում են այն, ինչ ուզում են»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով հոկտեմբերի 10-ին սպասվող ոչ իշխանական ուժերի հանրահավաքի մասին, ասաց, որ այն ենթադրում է ժողովրդի ձայնի բարձրացումը, որոնք դժգոհ են իշխանություններից:
Իսկ իշխանությունների հանդեպ ձևավորված դժգոհությունն ինքնանպատակ մի ինստիտուտ չէ, այլ պայմանավորված է վարվող և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությամբ.
«Բնակչությունը` ելնելով այս իրավիճակից, բնականաբար, իրենց ձայնն են ուզում բարձրացնել այս կապակցությամբ: Բնականաբար, ոչ մի իշխանություն էլ ըստ էության չի կարող իրականացնել այն, ինչ պահանջում է հասարակությունը, բայց իշխանությունները կոչված են առավելագույնս լսելու ժողովրդին և ժողովրդի կարիքներն ու պահանջները հնարավորինս բավարարելու: Մեր երկրում հակադրությունը հասարակության և իշխանության, թե ինչպիսի դրսևորում և ինչպիսի ելք պետք է ունենա, ժամանակը ցույց կտա»:
Ըստ նրա` հասարակության ճնշող մեծամասնությունը դժգոհ է իշխանությունից: «Այդ դժգոհողները պետք է արտահայտվեն, պետք է դրսևորվեն, հիմա դրսևորման ձևերից մեկը մասնավորապես ամսի 10-ն է. շա՞տ կլինեն, ուրեմն իսկապես այդ բողոքը կդառնա բողոք, քի՞չ կլինեն՝ բողոքը չի նմանվի բողոքի: Իշխանությունը հենց իշխանություն է նրա համար, որ ինքը ճիշտ կամ սխալ ձևով ուժեղ է: Իշխանությունը հուզված տիկին կամ օրիորդ չէ, որ անմիջապես նեղանա. իրենք անում են այն, ինչ ուզում են: Եվ կարող են դա անել այնքան, քանի դեռ հասարակությունը համակերպվում է դրա հետ:
Սրա օրինակը պետք է հանդիսանա «Շրջանառության ողորմելի հարկ» կոչեցյալ երևույթը. տեսեք, իշխանությունն ասաց, որ ոչինչ չեն փոխելու, գնացին իրար հետ խոսեցին, մի փոքր վախեցան և մինչև փետրվար իբրև թե կասեցրել են: Որքան էլ իրենք ասեն, որ չեն վախենում այս շարժումից, բայց բոլոր դեպքերում հասկանում են, որ վտանգ կա: Մտածում են՝ մինչև փետրվար կասեցնեն, որ ժողովրդին խաբեն, իբրև դուրս չգան այդ օրը»,- նկատեց նա:
Լրագրողների այն հարցերին, որոնք նույն բնույթն ունեին` կմասնակցի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը հանրահավաքին և կպահանջի՞ արդյոք նախագահի հրաժարականը, նա տվեց հետևյալ պատասխանը. «Դուք բոլորդ էլ շատ լավն եք, բայց նաև «զադանիա» եք կատարում, ուզում եք էդ մարդու անունը շեշտադրել: Ես ինչպե՞ս կարող եմ իր փոխարեն պատասխանել: Միայն կասեմ, որ ոչ մի բան բացառված չէ»: