ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Կուրոպատկինոյի ուղղությամբ
ԼՂՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: