Սամվել Բալասանյանը որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:

Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:

Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն դեպքում, Բալասանյանի բջջային ինքնապատասխանիչը երեկ արաբերեն էր հնչում։

Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին: ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:

Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի և կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս