Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը

Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Կառավարման խորհրդի 36 անդամներից նիստին մասնակցել է 33-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Առաջադրման առթիվ ելույթ է ունեցել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը.

«Մենք առաջադրել ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։ Վիգեն Սարգսյանը ճշմարիտ մտավորական է, մեծ էրուդիցիայի, շփման կուլտուրայի տեր անձնավորություն։ Քաջածանոթ է ոչ միայն գիտության և մշակույթի աշխարհին, այլև մտավորական լայն շրջանակներին։ Լինելով բազմազբաղ քաղաքական գործիչ՝ գործուն դերակատարություն է ունեցել համապետական և համազգային նշանակություն ունեցող գիտամշակութային ծրագրերին, որոնք հանրահռչակել են հայ մշակույթն աշխարհում։

Նշենք դրանցից մի քանիսը՝ Հայաստանի օրերը Ֆրանսիայում, որի ընթացքում 300-ից ավելի խոշոր միջոցառումներ են իրականացվել, Հայ գրատպության 500-ամյակը, Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ կայացած միջոցառումները, որոնք հսկայական ջանքեր և ներդրում էին պահանջում։ Այժմ նա համակարգում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումները։ Նա միշտ մեր կողքին է եղել Մատենադարանի նորակերտման ընթացքում, արագորեն արձագանքել է մեր բոլոր խնդրանքներին և առաջարկներին, մեր կառավարման խորհրդի անդամ է և կարող է մեծ օգուտ բերել Մատենադարանի զարգացման ծրագրերին, որոնք գնալով բազմապատկվում և ծավալվում են։ Նա այն պետական այրերից է, որ լավ գիտի Մատենադարանի մեծ ներուժը, համազգային և համաշխարհային նշանակությունը։ Մի խոսքով, իր բոլոր արժանիքներից զատ, իսկական մատենադարանցի»,–իր խոսքում նշել է Մատենադարանի տնօրենը:

Ելույթ են ունեցել նաև ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Այնուհետև խոսք է խնդրել Վիգեն Սարգսյանը, ով հանգամանորեն անդրադարձել է Մատենադարանի ծրագրերին և զարգացման առաջնահերթություններին:

Փակ գաղտնի քվեարկությամբ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի 33 ներկա անդամների քվեարկության արդյուքնում 32 կողմ, մեկ անվավեր ձայներով նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս