«Վովան հերները կանիծի»․ Ցույց ցրող Քյավառին կհանե՞ն համազգեստի միջից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները մի քանի ժամ «Արթիկ» ՔԿՀ-ում հարցաքննել են դատապարտյալ Արթուր Այվազյանին՝ Մանախին: Պատճառը վերջերս՝ սեպտեմբերի 8-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղեկցելու ժամանակ դատապարտյալի նկատմամբ կիրառված բռնությունն էր, որից հետո նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ոստիկանության աշխատակից Գևորգ Սարգսյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատու, փոխգնդապետ Ա. Ղազարյանի դեմ, որոնցից առաջինը նրան բռնության է ենթարկել, երկրորդն էլ իմացել է այս մասին, բայց կոծկել է փաստը՝ խնդրելով չբողոքել, քանի որ «Վովան իրենց հերները կանիծի»։

… Այդ ժամանակ բավական տհաճ միջադեպեր են տեղի ունեցել դատապարտյալ Արթուր Այվազյանի և ուղեկցող ոստիկանների միջև: ՔԿՀ-ից դատարան տեղափոխելուց առաջ հերթապահ մասում Արթուր Այվազյանին այցելել է ոստիկանության մի աշխատակից և զննող սարքով ստուգել դատապարտյալի հագուստը։ Նրա հարցին՝ իր վրա պայթուցի՞կ են փնտրում, աշխատակիցը պատասխանել է, որ այդ օրը նաև Շանթի դատն է, ու իրեն հատուկ ուղարկել են, որ ստուգի դատարան տանելուց առաջ։ Իսկ դատապարտյալի հարցին, թե ինքն ո՞վ է, ներկայացել է որպես ցույց ցրող Քյավառ, ապա զարմացել, որ իրեն չեն ճանաչում։ Ու սկսել է հարցնել, թե Շանթին ճանաչո՞ւմ է, նրա հետ ընկերնե՞ր են, «կարող ա՞ փորձի բոմբ պայթեցնի» և նման կարգի այլ հարցեր:

Ապա ցույց ցրող Քյավառը մեկ անգամ ևս արդեն ձեռքով ստուգել է դատապարտյալին ու անցել ավելի կոպիտ եղանակների: Մանախին ձեռնաշղթաներ են հագցրել, բայց այնպես են դրանք սեղմել դաստակին, այնքան են նեղացրել, որ վնասել են դատապարտյալի ձեռքերը: Միայն դատարանից մեկուսարան հասնելուց հետո է Մանախը սկսել բողոքել այդ վերաբերմունքի դեմ, բայց նա ներկայացել է որպես փոխգնդապետ Ա. Ղազարյան՝ Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատուներից, և խնդրել է Արթուր Այվազյանին դատարանում չխոսել այդ մասին, քանի որ «Վովան հերները կանիծի»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս