Նոյեմբերյան-Երևան «գիծը կիսամեռ» է
tesankyun.am-ը գրում է. Արդեն 4 օր է, ինչ Նոյեմբերյան-Երեւան ուղերթը ոչ լիարժեք է գործում: Այժմ առավոտյան ժամը 9-ին Նոյեմբերյանից Երեւան է մեկնում 7 տեղանոց «Վենտո» մակնիշի մեքենա, որը ժամը 15-ին Երեւանից վերադառնում է Նոյեմբերյան: Մինչդեռ նախկինում այդ գիծը սպասարկում էին 18 տեղանոց «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի 4 ավտոմեքենաներ:
Նախկինում, առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին Նոյեմբերյանից մեկնում էին այդ միկրոավտոբուսները, որոնք Երեւանից վերադառնում էին ժամը 14.30-ին եւ 16-ին:
Սակայն ուղեւորների հոսքի նվազման պատճառով առավոտյան ժամ 8-ի ուղերթը հանվեց, կեսօրից հետո Երեւանից միայն մեկ միկրոավտոբուս, ժամը 15-ին էր Նոյեմբերյան մեկնում: Իսկ ուղեւորների թիվը շարունակում էր նվազել: Օրեր էին լինում, երբ ուղեւորներ չլինելու կամ դրանից թիվը 1-2 լինելու պատճառով ուղերթ չէր կատարվում:
Վարորդները շարունակ դժգոհում էին,որ իրենք «գիծը» շահած կազմակերպությանը օրական «պլան» են մուծում եւ այդ պատճառով պարտքեր կուտակում: Նշենք, որ միկրոավտոբուսային երթուղին սպասարկում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության փաստացի սեփականատերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է:
Սակայն մարզպետը գերադասում է անձամբ չզբաղվել գծի հարցերով: Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ վերջերս կայացել է Նոյեմբերյան- Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղերթի մրցույթ, որին հայտ է ներկայացրել միայն «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն:
Սակայն այդ ընկերության ներկայացրած առաջարկը չի բավարարել մրցույթի պահանջներին: Կարելի է կարծել, որ մարզպետ Հովիկ Աբովյանը չի ցանկացել մրցույթում շահել,այլապես ներկայացված փաթեթում առկա թերությունները կարող էին արագ շտկվել: Հիմա Նոյեմբերյան-Երեւան երթուղին անլեգալ վիճակում է:
Սպասվում է, որ առաջիկայում կապի եւ տրանսպորտի նախարարությունը նոր մրցույթ կանցկացնի: Ինչո՞ւ է առանց ուղեւորների մնացել հիշյալ միկրոավտոբուսային երթուղին:
Պատճառը տաքսիների մրցակցությունն է: Ընդ որում՝ անհավասար մրցակցությունը: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար դրամով, միկրոավտոբուսը՝ 2000 դրամով:
Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մցակցությանը դիմանալ, եթե շատ տաքսիստներ գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին: Հիմա ով աշխատանք չունի, տաքսի է քշում: Հարկային մարմիններն էլ վախենալով մարդկանց դժգոհություններից, սոցիալական բունտից, խուսափում են նրանց հարկային դաշտ բերել: Այդ պատճառով է, որ Նոյեմբերյան-Երեւան ուղեգծում «բարդակ» վիճակ է: Ինչքա՞ն կշարունակվի այս բարձիթողի կացությունը: