Եկեղեցի չունեցող Դիլիջանի քահանան արժանացել է քաղաքապետարանի ոսկե հուշամեդալի
tesankyun.am-ը գրում է. Հոկտեմբերի 4-ին Դիլիջանում նշել են քաղաքի օրը, Դիլիջանի 470-ամյակը: Այդ կապակցությամբ տոնական միջոցառումներ են կայացել: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը դիլիջանցիներին ողջյունի խոսք է ասել եւ շնորհավորել:
Նա Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել է Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին և Վերոնիկա Զոնաբենդին: Վ. Զոնաբենդը Դիլիջանի կրթամշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար համայնքի ավագանու հոկտեմբերի 3-ի որոշմամբ արժանացել է նաեւ Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման:
Նա Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր է, Ռուբեն Վարդանյանի կինը: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից տեղեկացանք, որ Դիլիջանի միջազգային դպրոցում այժմ սովորում է 97 հոգի, որից 9-ն է ազգությամբ հայ:
Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, ավագանու որոշմամբ, համայնքի հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար քաղաքապետարանի ոսկե մեդալին արժանացած Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում ժամանակավոր եկեղեցու վերածված «Թուֆենկյան» թանգարանի սենյակներից մեկում:
Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը նախկինում տեղեկացրել է, որ ամերիկահայ(այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Անցած 8 տարում եկեղեցու շինարարությունը չի սկսվել,թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ: