
Քննիչները թարմ հետքերով բռնել են առերևութ հանցագործություն կատարած անձին

Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները 2014 թվականի հոկտեմբերի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող Երևան քաղաքի դատախազության շենք մտնելու ժամանակ նկատել են երիտասարդ տղայի հետևից վազող և օգնություն կանչող երիտասարդ աղջկա:
Հասկանալով, որ երիտասարդ տղան կողոպտել է աղջկան, քննիչները վազելով հետապնդել են նրան և բռնել, որից հետո երիտասարդին տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:
Ոստիկանության բաժնում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ Գ.Արմենակյանն է, ով բացահայտ հափշտակել է Ա.Ղազարյանի դրամապանակը՝ շուրջ 40.000 ՀՀ դրամ գումարով:
Գ.Արմենակյանը խոստովանել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում իր կողմից կատարած ևս 7 կողոպուտի դեպքեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: