Բաժիններ՝

Մշտադիտարկում՝ ՀՀ զինվորական հոսպիտալներում

Կարեւորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորումն ու զարգացումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ-ին նախաձեռնեց մշտադիտարկման անցկացում ՀՀ զինվորական հոսպիտալներում:

Այդ նպատակով աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի եւ նախարարության աշխատակիցների հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին մշտադիտարկաման նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ մշտադիտարկման ծրագրի աշխատանքային պլանը:

Այնուհետեւ մշակվեցին մշտադիտարկան գործիքները, որոնք հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ հաստատվեցին պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից: Որոշում կայացվեց իրականացնել մշտադիտարկումները Վանաձորի, Սիսիանի եւ Երեւանի կայազորային հոսպիտալներում:

Մշտադիտարկումներն անց են կացվել 2014 թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարության թույլտվությամբ: Հարցազրույցներ են անցկացվել վերոնշյալ հոսպիտալների բուժանձնակազմի, վարչական և սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ հոսպիտալներում տվյալ պահին բուժում ստացող կամ հետազոտվող զինծառայողների հետ:

Ըստ էության, առաջին անգամն է, որ ՀՀ զինվորական հոսպիտալներում նման համալիր ուսումնասիրություն է կատարվում, որն ուղղված է հոսպիտալներում առկա խնդիրների, բժշկական ծառայության եւ դրա ապահովման որակի, կադրային եւ նյութական ռեսուրսների ապահովվածության վիճակի, բուժանձնակազմի պատրաստվածության, կոռուպցիոն ռիսկերի առկայության, սանիտարահիգիենիկ պայմանների վիճակի բացահայտմանը եւ այդ խնդիրների լուծմանը:

Մոնիթորինգի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն զեկույցում, որում ներկայացված առաջարկությունները միտված կլինեն հոսպիտալների եւ պաշտպանության բնագավառի բարեփոխումների խթանմանը, զինծառայողների իրավունքների ոտնահարման եւ խախտումների կանխարգելմանն ու պաշտպանությանը:

Ծրագիրն իրականացվում է Սիգրիդ Րոզինգ Թրասթ (SRT) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ընդհանուր աջակցություն » ծրագրի շրջանակներում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս