‹‹ԴիջիԹեք Էքսպո- 2014 » ցուցահանդեսին ներկայացվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը

‹‹ԴիջիԹեք Էքսպո -2014 » ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ):

Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ` ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն ՀԿ-ի կողմից եւ ներդրվում է Հայաստանի համայնքներում` համայնքային կառավարման արդիականացման նպատակով: Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցում է GIZ-ը` ‹‹Համայնքների զարգացում Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակում:
2014 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԿՏՀ ներդրված է մոտ 580 համայնքում, իսկ 233 համայնքում այն ծառայում է նաեւ որպես համայնքի համացանցային պաշտոնական կայք:

Ծրագրի պատասխանատուները տաղավարի այցելուներին այսօր ներկայացրին համակարգի ընձեռած հնարավորությունները, նշելով, որ այն ուղղված է ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, համայնքներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմանը: Համակարգի ինտեգրումը պետական կառավարման մարմիններում գործող էլեկտրոնային համակարգերին ապահովում է հանրային հատվածի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն երկրի ողջ տարածքում` նաեւ նպաստելով ‹‹ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տեղեկատվայնացման եւ տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության» հայեցակարգից բխող նպատակների իրագործմանը: Ցուցադրության ընթացքում մի շարք համայնքների ներկայացուցիչներ նաեւ հնարավորություն ունեցան պատասխանատուների հետ քննարկել ծրագրի ընթացքին, հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս