Դատական նիստում կցուցադրվեն բոլոր այն տեսաձայնագրությունները, որտեղ Սամվել Ալեքսանյանն ընդունում է, որ ինքն է «Ծածկած շուկայի» սեփականատերը
«ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն առևտրային կազմակերպություններում: Չնայած սահմանադրական նորմի այս պահանջին, շատ պատգամավորներ անուղղակի կերպով զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը թեʹ ՀՀ Սահմանադրության, թեʹ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է:
Միամտություն կլիներ ենթադրել, որ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը թույլ է տալիս անուղղակի կերպով (հարազատների, բարեկամների կամ այլ անձանց անվան տակ)` առանց գրանցման զբաղվել ձեռնարկատիրությամբ: Մինչդեռ սա ՀՀ-ում տարածված իրողություն է, որը չգիտես ինչու անհասկանալի կերպով ընդունվում է շատերի կողմից որպես օրինաչափ երևույթ: Կարո Եղնուկյանը դատարան դիմելով հայցի հիմքում չի դրել այն հանգամանքը, որ պատգամավոր Ս. Ալեքսանյանը «Երևանի թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ում զբաղեցնում է տնօրենի կամ այլ գրանցված պաշտոն, այլ Կ. Եղնուկյանը նշում է, որ Ս. Ալեքսանյանը ինչ-որ կերպ կապված է և ազդեցություն ունի «Ծածկած Շուկա» պատմամշակութային հուշարձանի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ, և առանց նրա թույլտվության, համաձայնության կամ կարգադրության, հնարավոր չէր նման բովանդակությամբ պաստառներ փակցնել շինության պատին: Չնայած պատգամավոր Ս. Ալեքսանյանը հերքում է իր առնչությունը (ուղղակի կամ անուղղակի) սուպերմարկետի հետ, կան բազմաթիվ տեսաձայնագրություններ, որոնք հաստատում են այդ փաստը, և որոնք կցուցադրվեն 03.10.2014թ. դատական նիստի ընթացքում:
Հարգելիʹլրատվամիջոցներ,
եթե ունեք հրապարակումներ, ձայնագրություններ, տեսաձայնագրություններ կամ այլ նյութեր, որոնք հաստատում են պատգամավոր Ս. Ալեքսանյանի կապը «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ, խնդրում ենք տրամադրել մեզ և դրանով իսկ աջակցել Կ. Եղնուկյանի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև վաղը կայանալիք դատական նիստին մասնակցելով և այն լուսաբանելով` պայքարել ՀՀ-ում տիրող նման արատավոր երևույթի դեմ»:
Կարո Եղնուկյանի ներկայացուցիչ` փաստաբան Տիգրան Հայրապետյան