Արամ Մանուկյան. Ս.Սարգսյանին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ, առանց ցնցումների, մեր խնդիրը Սերժ Սարգսյանը չէ

Օր-օրի ժողովրդի մոտ իշխանափոխության ցանկությունը մեծանում է և Հովիկ Աբրահամյանն իր թիմով ավելի է նպաստում դրան, քան եռյակն է դա անում: Նման համոզմունք այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ հանրահավաքները հետզհետե կլինեն ավելի ագրեսիվ և պահանջատեր, և հոկտեմբերի 10-ին Երևանում շատ ավելի բարձր նոտաներ կլինեն, քան երեկ և այսօր: Ա.Մանուկյանը նշեց, որ քաղաքական պահանջ կդրվի:

Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանին, Ա.Մանուկյանն ասաց, որ դա իրեն չի հետաքրքրում, ինքը պատրաստ է ամեն ինչ անել, որ Ս.Սարգսյանը հանգիստ հեռանա իշխանությունից. «Ինձ հետաքրքրում է մեր երկրի ու մեր քաղաքացիների ճակատագիրը, արտագաղթը: Սերժ Սարգսյանին բազմիցս առաջարկվել է հանգիստ հեռանալ, առանց ցնցումների: Մեր խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, մեր երկրում տարածաշրջանում վիճակն է, որ անընդհատ բոցեր են՝ Սիրիա և այլն: Եթե Սերժ Սարգսյանը հեռատես լինի, ինքը հանգիստ կհեռանա և կթողնի արդար ընտրություններ լինեն: Սերժ Սարգսյանի ապագան ոչ մեկին հետաքրքիր չէ, թող նա իր ընտանիքով, իր հավաքած փողերով հեռանա և երկիրը թողնի քվեաթերթիկով քաղաքացուն»:

Տեսանյութեր

Լրահոս