Արամ Մանուկյան. «Ես «Բարգավաճի» մտավախություններն էլ, խնդիրներն էլ հասկանում եմ». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այսօրվա և հետագա մյուս հանրահավաքներին «Այո»,- հակիրճ պատասխանեց Մանուկյանը՝ չցանկանալով անդրադառնալ շրջանառվող տեղեկություններին, թե իրեն մեկուսացրել են հանրահավաքներից: Այդուհանդերձ պարզաբանեց, թե ինչու չէր մասնակցել վերջին երկու հանրահավաքներին:
«Նախորդ օրերին ես զբաղված եմ եղել էս միտինգների կազմակերպմամբ, ինչպես նաև Վանաձորի և Գյումրիի միտինգների կազմակերպմամբ: Էդ օրերին ես եղել եմ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում, Վանաձորում»,-ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ չմասնակցելն ընդամենը տեխնիկական պատճառներով է եղել: Մանուկյանին մի քանի հարց ուղղեցինք միտինգներում երեք ուժերի գործողությունների համաձայնեցվածության վերաբերյալ:
– Թե՛ անձամբ Ձեր և թե՛ երեք ուժերի ելույթների տեքստը, բովանդակությունը, կոչերն ու վանկարկումները արդյոք համաձայնեցվա՞ծ են իրար հետ, թե՞ ազատ եք յուրաքանչյուրդ ձեր խոսքում:
– Ազատ ենք: Ընդհանուր սկզբունքներն ենք նայում, բայց յուրաքանչյուրս ազատ ենք մեր խոսքում, մենք ոչ մի ելույթ նախապես չենք քննարկում, չկա՛ էդպիսի բան:
– Այսինքն՝ նույն նախագահի կամ իշխանափոխության կոչերը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» և այլն, դրանում դուք միանգամայն ազատ եք, և որևէ կաշկանդող բան չկա՞, թե ինչ կոչեր կարելի է հնչեցնել:
– Բացարձակ, ոչ մի կաշկանդող բան չկա:
– Իսկ ձեր այդ կոչերն ու վանկարկումները արդյոք համընկնո՞ւմ են մյուս ուժերի մոտեցումների ու սկզբունքների հետ, նույն այդ «Սերժի՛կ, հեռացի՛ր»-ի պարագայում, օրինակ:
– Էդ համագործակցության միավոր կազմող ուժերն ամեն մեկն իր դեմքն ունի, և մենք հարգում ենք իրենց հենց դրա՛ համար. «Ժառանգությունն» ուրիշ տեսակետ ու մոտեցումներ ունի, ուրիշ քաղաքական ուժ է, մենք՝ ուրիշ, «Բարգավաճը»՝ ուրիշ: Եվ մենք հարգում ենք, որ մյուսի տեսակետն էդպիսին է: Եվ եթե նույնը լիներ, կլիներ մի կուսակցություն:
– Բայց հիմա երեքդ նույն ուղղությամբ եք գնում:
– Ընդհանուր խնդիրը մեր երկրի պրոբլեմները լուծելն է: Դա մեր ընդհանուր նպատակներից մեկն է, հիմա մենք ինչ արագությամբ, ինչ տեմպերով, ինչ մեթոդներով, ինչ գործիքներով՝ տարբերություններ կան: Նպատակը, խնդիրը մեկն է, թիրախը մեկն է, գնում ենք էդ թիրախի ուղղությամբ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։