Նիկոլ Փաշինյանը ՄԻՊ-ին հիշեցրեց հանցագործներին՝ Սաքուլիկին, Սուրիկ Խաչատրյանին
«Փոքր ու մեծ օրինակներ չեն լինում: Անպատժելիությունը անպատժելիություն է»,- այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ օրինակ բերելով լրագրողի նկատմամբ ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից կիրառված բռնությունը, Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության դեպքը, որի մասնակից պարագլուխը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև նշանակվել է պրոռեկոտոր: Ըստ Ն.Փաշինյանի՝ դա պետական մակարդակով անպատժելիության խրախուսում է: Պատգամավորը նաև մեկ այլ օրինակ բերեց՝ «հանցագործին նշանակեցին Սյունիքի մարզպետ»: Ն.Փաշինյանը հայտնեց իր աջակցությունը ՄԻՊ-ին:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշեց, որ վերջերս ԵԱՀԿ-ի իր գործընկերը հայտարարություն էր տարածել լրագրողների հետ կապված դեպքերի քննությունների կապակցությամբ: Նրա խոսքով՝ այսօր խոսքի ազատության հետ կապված կա երկու հիմնական ուղղություն՝ բազմակարծությունը հեռուստաեթերում և լրագրողների հանդեպ բռնությունների քննության պատշաճ արձագանքը:
«Ամոթ է, որ մենք հետընթաց արձանագրենք խոսքի ազատության մասով»,- ասաց Կ.Անդրեասյանը՝ կոչ անելով, որ լրագրողները դիմեն իրենց, որպեսզի ՄԻՊ-ը կարողանա ընթացք տալ: