Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում
Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած ասուլիսը` նվիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նիստին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ պՊատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 1-ը Վարշավայում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Մարգարիտ Եսայանը նշել է, որ նիստից առաջ տեղի է ունեցել Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը, որտեղ որոշվել է Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստի անցկացման վայրը:
Մարգարիտ Եսայանը գործընկերներին առաջարկել է 2015թ. ապրիլին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Պատգամավորի հրավերը սիրով ընդունվել է և որոշվել, որ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում:
Պատգամավորի խոսքով` Հայաստանում նիստի անցկացումը բացառիկ է և կարևոր, քանի որ 2015-ին կլրանա ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իսկ Հայաստան բազմաթիվ արտասահմանցի հյուրերի այցը կնպաստի, որպեսզի մեծանա այն երկրների թիվը, որոնք կընդունեն և կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը: