Կարեն Անդրեասյանը բողոքեց Գևորգ Կոստանյանից, Զարուհի Փոստանջյանն էլ մխիթարեց

2013 թվականը տխուր տարի էր Մարդու իրավունքների պաշտպանի համար: Այսպիսի գնահատական այսօր Ազգային ժողովում հնչեցրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ «2013 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցի քննարկումների ժամանակ:

Ըստ նրա՝ ՄԻՊ-ին վարկաբեկող փորձերն են շատացել, մասնավորապես՝ գլխավոր դատախազությունը հակամարդկայաին ձևով հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա. «Ես ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի գլխավոր դատախազին երկու ինստիտուտների գործառույթների մասին: Ու հաջորդ անգամ դատախազությունը մարդու իրավունքները կպաշտպանի, ոչ թե կեղտոտ գործերով կփորձի բարձրացնել բացասականը: Մեր պետական մարմինները պետք է դադարեցնեն նվաստացնել մեր ինստիտուտը երկրի ներսում: Այդ դեպքում մենք ավելի ուժեղ կլինենք երկրից դուրս»:

«Պինդ մնացեք, առաջին անգամ չէ, որ ՄԻՊ-ի դեմ հարձակում է լինում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի և մյուսների վրա նույնպես հարձակումներ եղել են:

Կ.Անդրեասյանը նշեց, որ ոչ թշնամու գնդակից բանակում զոհված զինվորների մայրերը դիմել են իրենց, և լավ կլիներ, որ ԱԺ-ում ստեղծվեր հանձնաժողով:

«Դուք չափազանցնում եք ԱԺ դերը, ոչ միշտ է, որ գործադիրը ականջալուր է լինում ԱԺ-ին»,- նկատեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Սակայն Կ.Անդրեասյանը չհամաձայնեց Ուրիխանյանի հետ, քանի որ ոչ քաղաքական հարցերի շուրջ ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը ստացվում է:

Տեսանյութեր

Լրահոս