
«Նուբարաշեն»-ի կալանավորը հայտնել է, որ ոստիկանները ծեծել են իրեն

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 309-րդ հոդվածի 2-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարատ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ապա նաև նշված բաժնում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:
Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակցի առաջարկով ինքը համաձայնել է ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողություններ, որի դիմաց այդ աշխատակիցը պարտավորվել է իր վարած ավտոմեքենայում հայտնաբերված 4800 ԱՄՆ դոլար և 269.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարից 3800 ԱՄՆ դոլարը և 269.000 ՀՀ դրամը չարձանագրել և հանձնել կնոջը, ու թեև ինքը կատարել է նշված պայմանավորվածությունը, սակայն հիշյալ ոստիկանը կնոջը որևէ գումար չի տվել և հափշտակել է այն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն