Պատմափիլիսոփայական գիտնականը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «… Գիտական աստիճանը նրանց (պաշտոնյաներին:-168.am) պետք է՝ ապացուցելու համար, որ իրենք ավազակ չեն, գողական չեն եւ անգրագետ չեն: Ես վատ լուր ունեմ մեր պաշտոնյաների համար՝ աստիճանն այսօր ոչինչ չի ապացուցում, որովհետեւ այն ստանալն է չափազանց հեշտ. գումար տուր քո ենթակայության տակ գտնվող «գիտական մշակներին», նրանք քեզ համար գիտական տեքստ կթխեն, իսկ մնացածը տեխնիկայի հարց է:
Բայց դա ոչինչ չի փոխի. հասարակության կասկածները պաշտոնյաների ավազակ, գողական եւ անգրագետ լինելու վերաբերյալ պահպանվում են: Այս պայմաններում, իհարկե, այնքան էլ էական չէ՝ դու ունե՞ս քո գիտական աստիճանը հավաստող թղթի կտոր, թե՞ ոչ: Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ չունի: Հայաստանի ԲՈՀ-ն ասում է, որ չունի, բայց Սուրիկ Խաչատրյանի համար դա կարեւոր չէ: Չկարողանալով գրել նույնիսկ 4-րդ դասարանի թելադրություն (ով կասկածում է, թող ստուգի)՝ նա իրեն հռչակել է «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր»: Մարզպետի «մտավորական» խորհրդատուներից ոչ մեկը չի կարողացել նրան հուշել, որ «պատմափիլիսոփայություն» մասնագիտություն գոյություն չունի, լինում են պատմական եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ: Հավանաբար, Ս. Խաչատրյանը մտածել է՝ որքան շատ գիտական մասնագիտություններ իրեն վերագրվի, այնքան լավ…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում: