ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունը թեև անսպասելի էր, բայց այլընտրանք չկար. Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ՝ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միությանը անդամակցելու մասին, թեև անսպասելի էր, բայց «այս իրավիճակում այլընտրանք չկար՝ և-և-ի տարբերակը բացառված էր, և իրականում դա պիտի տեղի ունենար»: Լրագրողների հետ ճեպարզույցում Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ակնհայտ էր, որ իշխանության կողմից և-և-ի տարբերակով իրականացվող արտաքին քաղաքականությունը չէր կարող աշխատել՝ հաշվի առնելով այն, թե մեր երկիրն աշխարհագրական ինչ դիրք ունի, ինչ կախվածություններ ունի, տնտեսությունը իրականում ում ձեռքին է: Պատգամավորի խոսքով՝ հենց սկզբից պետք է վարվեր հավասարակշռված արտաքին քաղաքականություն, պետք էր հարաբերություններ պահպանել, թե ԵՄ-ի հետ՝ լինելով շահեկան դերում, թե ՌԴ-ի հետ՝ վարելով բալանսավորված քաղաքականություն: «Իրականում ստացվեց մի այլ բան, ներկայում Հայաստանը անվստահելի գործընկեր է դարձել թե ՌԴ-ի, և թե ԵՄ-ի համար»,- ասաց Լ․Սարգսյանը՝ ավելացնելով, ըստ նրա, Հայաստանը Վիլնյուսյան գագաթնաժողովից ընդհանրապես սպասելիքներ չունի, որովհետև ԵՄ տարբեր չինովնիկներ տարբեր առիթներով հայտարարել են, որ Վինլյուսում Հայաստանը որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրել: «Ամեն դեպքում հայկական կողմը հնարավոր է ինչ-որ դեկլարատիվ փաստաթուղթ կարողանա փախցնել և համատեղ ստորագրել»,- ասաց նա: Հարցին, թե ինչի՞ց ելնելով եք ասում, որ ողջունում եք Սերժ Սարգսյանի որոշումը, Լ․Սարգսյանը նշեց, որ նկատի է ունեցել, թե ողջունում է այս մոտեցումը՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չկար, և անհնար էր չմտնել Մաքսային միություն: «Այլ հարց էր, թե ի՞նչ ձևով մենք մտանք ՄՄ և ինչու այդպես անսպասելի: Բնականաբար, ես չեմ կարող ողջունել այն ամբողջ գործընթացը, որ բերեց հասցրեց Մաքսային միություն մտնելուն, դա արդեն մեր կամքից կախված չէր իրականում, և պարտադրված էինք մտնել, և ես ընդամենը այդ մասին էի ասել, որ այլ տարբերակ չլինելով` մտել են Մաքսային միություն, որովհետև հակառակ դեպքում, եթե Վիլնյուսում Սերժ Սարգսյանը փորձեր նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, շատ ավելի ծանր իրավիճակում էր հայտնվելու՝ պարզ հասկանալով, թե որ պետությունն է ապահովում մեր անվտանգությունը և ինչ ընթացք կստանար ղարաբաղյան հարցի կարգավորումը: Եվ ընդհանրապես մենք պետք է գիտակցենք, որ մենք պատերազմի շեմին կանգնած երկիր ենք, շրջապատված ենք ամբողջությամբ թշնամիներով»: ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ Հայաստանի ապագան անորոշ է, իսկ իր համար ՌԴ-ն, այնուամենայնիվ, ավելի կանխատեսելի է, քան Արևմուտքը: