Իշխանական և ընդդիմադիր համերաշխություն` ի պաշտպանություն Ռուսաստանի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Երևանում անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու հարցին:

Ի պատասխան այն հարցին, թե Ռուսաստանի այդ քայլը չի՞ հակասում ռազմավարական գործընկերոջ հետ դաշնակցային հարաբերություններին, Բորդյուժան պատասխանել է. «Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ-ի տնտեսությունն է»: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ, ըստ էության, հարցը Ռուսաստանի շահերի տիրույթում է ու, իր կարծիքով` Հայաստանը «խանդով» վերաբերվելու խնդիր չունի: «Այս հարցը իսկապես կարելի է դիտարկել շուկայական հարաբերությունների տեսանկյունից:

ՀԱՊԿ անդամ լինելով, Հայաստանի համար գործում է արտաքին վտանգի դեպքում կոլեկտիվ անվտանգության ապահովման խնդիրը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Ադրբեջանը շարունակում է արտաքին թշնամու դերում մնալ, ու կոլեկտիվ անվտանգության պայմանագիրն այս պարագայում, կարծում եմ, կաշխատի»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ գաղտնիք չէ Ադրբեջանի սպառազինման գործընթացը, իսկ Ռուսաստանն էլ վերջինիս համար զենքի մատակարար երկրներից մեկն է:

Մեր հարցին, թե Ռուսաստանի շահերից բխող այս քայլն արդյո՞ք չի վնասում Հայաստանի շահերին, երբ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում թշնամուն, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմակայան, ինչը հենց այնպես չէ` ունի առաքելություն: Եթե Ռուսաստանը մի ձեռքով զենք է վաճառում, մյուս ձեռքով թշնամու դեմ անվտանգության ապահովության միջոցներ է իրականացնում, նշանակում է, որ տարածաշրջանում ամեն բան հավասարակշռության ներքո է: Մտահոգվելու խնդիր չկա: Մենք մեր պաշտպանության համակարգի համար ենք պատասխանատու:

Բնականաբար, մեր թշնամու սպառազինումը մեզ պետք է մտահոգի, բայց մյուս կողմից էլ` յուրաքանչյուր պետություն իր շահերի տեսանկյունից է առաջնորդվում: Այս պարագայում էլ ռուսական զենքի առկայությունը Ադրբեջանում պետք է զուտ շուկայական հարաբերությունների տեսանկյունից դիտարկել և ոչ` ռազմավարական»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես պահեն իրենց, որ ռազմավարական գործընկերը պահի իրեն այնպես, ինչպես մեզ է ձեռնտու.

«Եթե մերոնք անընդհատ թռչկոտում են դիվանագիտության դաշտում` Արևելքից` Արևմուտք, Եվրոպայից` Ռուսաստան, Ռուսաստանից` Ամերիկա, բնականաբար, գործընկերների մոտ առաջանում է քեզ հետ քեզ պես վարվելու ցանկություն: Այսինքն` սկսում են մեզ հետ վարվել այնպես, ինչպես մենք ենք վարվում»: ՀԱԿ պատգամավորի խոսքով` Ռուսաստանը, բնականաբար, ամեն քայլ, ամեն որոշում կայացնում է իր շահերից ելնելով, և ցանկացած երկիր պետք է անի այնպես, որ այլոց շահերը համընկնեն քո շահերի հետ:

Ինչ վերաբերում է Արտակ Զաքարյանի տեսակետին, որ «խանդով» այս հարցին մոտենալ պետք չէ, և, եթե Ռուսաստանը «մի ձեռքով զենք է վաճառում, մյուս ձեռքով թշնամու դեմ անվտանգության ապահովության միջոցներ է իրականացնում, նշանակում է, որ տարածաշրջանում ամեն բան հավասարակշռության ներքո է», Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ցանկացած երկիր, սովորական մարդու նման, պետք է արժանապատիվ դրսևորում ունենա: Հայաստանի իշխանությունն իրեն այսօր բացարձակ արժանապատիվ չի դրսևորում: Ուրիշների մեջ փնտրել մեղավորներ` սխալ է»:

Վկայակոչելով այս ժամանակահատվածում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տեղի ունեցած քայլերը` գազի գնի բարձրացումը, ռուսական «Գազպրոմում» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի 20 տոկոսով ավելացնելու ցանկությունը, Արամ Մանուկյանն ասաց, թե սրանք ոչ թե ռուսական իշխանության վերաբերմունքն են Հայաստանին, այլ` վերջինիս «ապիկար» քաղաքականության արդյունքն են:

«Սեփական երկրից դուրս մեղավոր փնտրելն ապաշնորհ մարդու գործ է: Կարող ես, այնպես արա, որ բոլորը լինեն քո համախոհները, աջակիցները: Մեղքը, մեղավորությունը թույլ, ոչ լեգիտիմ, ոչ գրագետ իշխանությունն է փնտրում»,- եզրափակեց նա:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս