
Լուիզիանայի Սենատը Արցախի անկախությանն աջակցող բանաձև է ընդունել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը մայիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բանաձևում նշվում է, որ Լուիզիանայի նահանգն իր աջակցությունն է հայտնում ԼՂՀ-ի ջանքերին` զարգանալու որպես ազատ և անկախ պետություն:
«Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև որպես Արցախ, պատմականորեն հայկական տարածք է` բնակեցված հիմնականում հայերով: Այն 1921թ. ԽՍՀՄ-ի կողմից անօրինական կերպով անջատվել է Հայաստանից և հանձնվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմի ենթակայությանը»,- ասված է բանաձևում:
Լուիզիանայի Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավման գործում միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական այս կարևոր տարածաշրջանի անվտանգության խնդիրների լուծմանը:
Փաստաթղթի կրկնօրինակները կհանձնվեն նաև ԱՄՆ նախագահին, Սենատին և Ներկայացուցիչների պալատին: