
Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ:
Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները:
Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության անդամները շեշտեցին ՀՀ ոստիկանության հետ համագործակցության կարևորությունը, հատկապես Քաթարի պետությունում ՀՀ քաղաքացիների գործունեության կանոնակարգման և իրավական հարցերի կարգավորման համատեքստում:
Քննարկվեցին նաև անձնագրերի և վիզաների տրամադրման հետ կապված հարցեր:
Ոստիկանության պետի տեղակալը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու այդ հարցում և քննարկելու ցանկացած խնդիր: Արթուր Օսիկյանը նաև ընդգծեց կողմերի միջև իրավական համագործակցության, փորձի փոխանակման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների համագործակցությանը և բարեկամական կապերի ամրապնդմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:
ՀՀ ոստիկանություն