Հոգեբուժարանում փակված Ամալյա Նազարեթյանը խոսեց (տեսանյութ)
«Ո՞նց կարող ա լինեմ, էս անտերի տեղը կարո՞ղ ա լավ լինի»,- «Ա1+»-ին ասել է Ավանի հոգեբուժարանում փակված Ամալյա Նազարեթյանը։
Դատարանի վճռով մանկավարժ կինը ճանաչվել է ագրեսիվ։ Խոսում է հանգիստ եւ ցածր։ Պատրաստ է պատմել ամեն ինչ, այն մասին, թե ինչպես է ոստիկանությունն իրեն խաբեությամբ բերել հոգեբուժարան, ինչու են ինչ-որ մարդիկ փորձում խլել իր բնակարանը
«Տունս եկել ա ոստիկանը, սկորիի բժիշկը եկել էին, նստան խոսացին, ինչ արեցին, ասին՝ ոչ մի բան չունի, սրան ինչ կարող ենք ասենք, ոչ մի բան»,- շարունակում է նա։
Չնայած դրան, ոստիկանները նրան նստեցրել են Շտապօգնության մեքենան, չեն ասել, թե ուր են տանում, ճանապարհին ոստիկաններն իջել են իսկ մեքենան նրան բերել է Ավանի հոգեբուժական կլինիկա։ Տեղ հասնելուց որոշ ժամանակ հետո տիկնոջ պատմելով, աշխատողներից մեկը իր մոտից վերցրել է 5 հազար դրամ, որը ետ վերադարձնելու փորձից հետո հոգեբուժարանի 4 աշխատակից նրան բռնությամբ պառկեցրել է գետին եւ ծեծել. «Մեկը աչքիս ա խփում, մեկը գլխիս ա խփում, մեկը մազերս ա պոկում, մեկը շորերս ա վրայիցս ինչ անում»։
Հոգեբուժարանում հայտնվելու պատճառն, ըստ մանկավարժ կնոջ, այն է, որ ինքը տարբեր ատյաններին մի քանի տարի բողոքել է, թե «Կոմիտաս» սրճարանի տերն իրեն անհանգստացնում է։
Իսկ ինչու՞ է անհանգստացնում, որովհետեւ նրա եղբորը պատկանող տարածքում գտնվող «Իդեալ» խանութը իր պատուհանի դիմաց պայմանավորվածից մեծ ծածկ է սարքել ու տիկին Ամալյան հաճախ է բողոքել տարբեր պետական մարմիններին։
Հոգեբուժարանում գտնվելու 5-րդ օրը հենց հիվանդանոցում տեղի ունեցած դատավարության ժամանակ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը 4 մասնագետի լսելուց հետո որոշել է, կինը պետք է երկարատեւ բուժում անցնի հոգեբուժարանում, ագրեսիվ է
«Ձեզ որ ապօրինի ձեւով բերեն, քցեն էստեղ, ագրեսիվ չե՞ք լինի»,- զարմանում է Ամալյա Նազարեթյանը։
Դատավարությանը Ամալյա Նազարեթյանը փաստաբան չի ունեցել, այդ մասին տեղյակ է պահել դատավորին. «Ասի դուք որ դատ եք անում, պետք է փաստաբան ունենամ, ասին, թող ձերոնք մտածեին փաստաբան բռնեին»։
Դատական Դեպարտամենտի ներկայացուցիչը նկատում է՝ փաստաբանը պարտադիր չէ, եթե դատավարությունը քրեական գործի շրջանակներում չէ
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանն պարզաբանում է. «Միեւնույն ժամանակ մասնակցում է օրինական ներկայացուցիչ, տվյալ դեպքում Ամալյա Նազարեթյանի գործով մասնակցել է նրա քույրը»։
Արսեն Բաբայանն ավելացնում է, որ դատական նիստը տեղի է ունեցել այն պատճառով, որ տիկին Ամալյան հրաժարվել է բուժումներից, ուստի ընտրվել է հարկադիր բուժման տարբերակը, որը լինում է միայն դատարանի թույլտվությամբ։
« Հոգեկան հիվանդությունը երբ որ սկսվում է կամ սրվում է, այդ ժամանակ հիվանդները հաճախ չեն գիտակցում, որ կարիք ունեն բուժման, զառանցաբար են մեկնաբանում»,- ասում է Ավանի հոգեբուժական կլինիկայի գլխավոր բժիշկ Արեգա Հակոբյանը։
Նա ասում է, որ անձամբ է գործ ունեցել 70-ամյա ծեր կնոջ ագրեսիայի հետ։ Ինքը չի կարող ասել, թե ինչ որակումներ է իրեն տվել նախկին մանկավարժը։
«Բողոքները եղել են, որ տարօրինակ է իրեն պահում, ադեկվատ չի, ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, ասենք, չհիմնավորված»,- ասում է նա։
Ավանի կլինիկայի բժիշկներն վստահեցնում են, որ մանկավարժ կինն իսկապես հիվանդ է, ունի թունավորման մտասեւեռումներ։ Տիկին Ամալյան պնդում է, որ իրեն իսկապես ցանկացել են թունավորել՝ պատուհանից փորձել են գազ բաց թողնել, «Իդեալ» խանութում թունավոր կոնֆետներ են առաջարկել, որոնք ինքը հրաժարվել է վերցնել։ Հարեւանները, համենայնդեպս, չեն հավատում, որ տիկին Ամալյան հիվանդ է։
«Ես ոչ մի հատ տարօրինակություն էդ կնոջից չեմ տեսել»,-ասաց նրանցից մեկը։
Հարեւանները չեն ուզում նկարահանվել, ոմանք ամաչում են, ոմանք՝ վախենում։ Երիտասարդ հարեւանուհուն զայրացրել է ՄԻՊ հայտարարությունը, որ նա մի անգամ արդեն եղել է հոգեբուժարանում։ Կլինիկայի ղեկավարն անգամ հերքում է դա. «Ինքը հաշվառված չի եղել երբեւիցէ»։
Ամալյա Նազարեթյանն այլեւս չի դիմադրում հիվանդանոցային պայմաններին, դժգոհում է, որ դեղեր չեն տալիս, բողոքում է կողային ցավերից եւ խնդրում է, որ ինչ-որ մեկն իրեն ասի՝ դեռ ինչքա՞ն է մնալու հոգեբուժարանում։ Կլինիկայի տնօրենն ասում է, որ մանկավարժ կնոջ վիճակը դեպի լավ է գնում, շուտով դուրս կգրվի։ Տուն վերադառնալուն պես տիկին Ամալյան ծրագրեր ունի. «Որ վերադառնամ, տունս ծախելու եմ, գնալու եմ ստեղից»
Ուր եք գնալու, ո՞վ ունեք՝ հարցնում ենք. «Սաղ աշխարհում էլ ունեմ բարեկամներ՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում»։