Սամվել Բալասանյանն ընդդեմ Վարդան Ղուկասյանի
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է պայքարել, որ Գյումրի քաղաքի տարբեր՝ թվով 15 ավտոկանգառների գործունեությունից ստացվող եկամուտը դիտվի որպես տեղական տուրք եւ մուտքագրվի տեղական բյուջե եւ ոչ թե անհատների գրպաններ: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող այդ հողատարածքները 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել կամ ձևակերպվել է մեկ անձի անունով, ով էլ որոշել է այդ հողատարածքները շահագործել որպես ավտոկանգառ եւ մեքենաներից գանձվող հարկերը ինքը գրանցել, փոխարենը քաղաքային բյուջե մուծել որոշակի հարկ՝ միայն հողատարածքները շահագործելու համար (հողահարկ):
«Դա տեղական տուրք է: Այդ տեղական տուրքը նախկինում չի մուտքագրվել տեղական բյուջե, որովհետեւ նախկինում սահմանված չի եղել որպես տեղական տուրք: 2011 թ-ին օրենք է ընդունվել, որով կանոնակարգվել է այդ հարցը: Հիմա համարվում է տեղական տուրք, որից հետո պետք է այդ գործառույթը կազմակերպի քաղաքապետարանը եւ գանձվող գումարը մուտքագրվի քաղաքային բյուջե»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը:
Հարցին, թե ամսական ինչ չափի գումարի մասին է խոսքը, փոխքաղաքապետը հրաժարվեց գոնե մոտավոր պատասխան տալ՝ ասելով, որ մոտավոր պատկերացում անգամ չունի:
«Քաղաքում կա այդպիսի 15 ավտոկայանատեղի, եւ այդ 15-ի հողի իրավունքը փոխանցված է քաղաքացի Տարոն Գասպարյանին եւ նրա ավտոկայանատեղիներն են, ինքն է իրականացնում այդ գործառույթը, ընդամենը հողի վարձ է տալիս: Մեր իրավական դիրքորոշումը այն է, որ օրենքի ընդունումից հետո պետք է այդ պայմանագրերը լուծվեր, քանի որ կատարած գործունեությունը իր ենթադրյալ իրավունքների ինքնակամ ապօրինի իրացում է, դրա համար վարչական կարգով որոշում է ընդունվել եւ տարբեր վարչական դատարաններում հայցեր են ներկայացվել: Հունիսի 11-ին նշանակված է դատաքննություն»:
Հարցին, թե ի՞նչ մտերիմ կապերի մեջ է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տարոն Գասպարյանի հետ, որին 99 տարով հանձնել է քաղաքից 15 հողակտորներ, Գուրգեն Մալխասյանը պատասխանել է, թե տեղեկություններ չունի: