Դանակահարվածը ոստիկաններին փորձում էր սխալ ուղիով տանել, սակայն իրականությունը պարզվեց ժամերի ընթացքում
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում այսօր՝ մայիսի 31-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք առաջացնելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սերյան Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյյուղի բնակիչ, 28-ամյա Հայկ Խալաթյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղի Ջալալյան փողոցից: Հիվանդանոցում ոստիկանության աշխատակիցներին տուժողը փորձում էր մոլորեցնել՝ սկզբում հայտնելով, թե վայր է ընկել, հետո՝ իրեն անծանոթ մարդիկ են հարվածել, ինչը Նաիրիի ոստիկանների մոտ կասկածներ առաջացրեց, որ նրա հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ու մինչ Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը հիվանդանոցում քննչական գործողություններ էր կատարում, Նաիրիի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են իրականությունը, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել գյուղի Ջալալյան փողոցի 10 շենքի մոտից, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ անձանց միջև, և պարզել են, որ դանակահարողը եղել է նույն գյուղի Երիտասարդական փողոցի բնակիչ, 26-ամյա Հաբեթ Դավթյանը, ում Նաիրիի ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության: Գ. Շամշյանը հայտնում է, որ ծեծկռտուքի պատճառը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուջ: Հաբեթը եղել է տանը, երբ տեղեկություն է ստացել , որ Հ. Խալաթյանն ու նրա հարազատները վիճաբանության մեջ են մտել իր եղբոր և հոր հետ և տանից վերցնելով դանակը՝ շտապել է վիճաբանության վայր, որտեղ էլ դանակահարել է Հ. Խալաթյանին: Քննիչ Հակոբ Հակոբյանի կողմից Հ. Դավթյանը ձերբակալվել է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի