Կլինի՞ «պերևառոտ» ՀՅԴ-ում. մամուլ
«Մի քանի օր է, ինչ սոցցանցում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում՝ «ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության» անունից: Նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի վերջին տարիներին դրսևորած «անգործությանը», ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձևավորել, որտեղ 1998-ից «ի վեր ԳՄ-ի և Բյուրոյի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ընդգրկվի»: Չնայած նամակն անստորագիր է, սակայն, մեր տեղեկություններով, Լիբանանի ՀՅԴ կառույցը հանդես է եկել արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, և, ըստ ՀՅԴ կանոնադրության, եթե կառույցների կեսը միանա նախաձեռնությանը, ապա արտահերթ ժողովը չի բացառվում, և, ինչպես նկատում են մեր աղբյուրները, «պերեվառոտը» ՀՅԴ-ում կիրականանա:
Փորձեցինք ճշտել ՀՅԴ վերաբերմունքն այս ամենին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում անստորագիր հայտարարությանը պատասխանելը. «ՀՅԴ-ն ունի հստակ մեխանիզմներ, ընթացակարգեր, թե ինչպես պետք է ղեկավար մարմինների հետ կապված տարաձայնությունները քննարկվեն: Որևէ դաշնակցական ընկեր այդ մեխանիզմները մի կողմ թողնելու իրավունք չունի. դա դաշնակցականին ոչ բնորոշ, դատապարտելի արարք է: Երկրորդ. անկախ այս կամ այն դաշնակցականի տեսակետից, ՀՅԴ-ն ինքը նախաձեռնել, նաև ջատագովն է քննարկումներ սկսել այս փուլում կուսակցությունում առկա վիճակի առնչությամբ և համապատասխան հետևություններ անել, լուծումներ տալ»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: