Քրեական գործ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի դեմ. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Վարդան Ղուկասյանը թեև 8 ամիս է՝ Գյումրու քաղաքապետ չէ, սակայն շարունակում է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների: Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրու ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում և 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները:
Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձևակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ:
Ընդամենը մի տառ՝ P (parking) գրելով ու մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամով գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200 000 դոլար:
Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը՝ համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, այն հավաքում ու դնում են իրենց գրպանը, դիմել է իրավապահ մարմիններին: Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ թեև մեծ դժվարությամբ, այդուհանդերձ, հանձնարարել է հարուցել քրեական գործ»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: