Ո՞վ է սպառնացել սպանված զինվորի հորը. մամուլ
«Մայիսի 22-ի համարում «Ժողովուրդը» հրապարակել էր «Ծեծել են լկտիաբար» հոդվածը, որտեղ ներկայացված էր, թե ինչպես են Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երևան տեղափոխող հարազատները ծեծի ենթարկվել: Մեջբերված էր զինվորի հոր՝ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքը. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ, միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները՝ 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սևան չհասած ճանապարհին: Էլ բան չեմ հիշում: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է, նա ո՞վ էր, որ այդպիսի բան արեց մեզ հետ»,- սպանված զինվորի հոր խոսքն է մեջբերում «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Կատարվածի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ինչպես և խոստացել էր, զբաղվում է: Այդ գործով որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն հարցաքննվել են: Նրանց թվում է եղել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, որը տեղում պարզել է սկանդալային իրողություն. սպանված զինվորի հայրը հերքել է մինչ հարցաքննությունն ասած իր խոսքերը:
Ո՞վ է Ձեզ սպառնացել, որ հրաժարվեքցուցմունքներից, «Ժողովուրդի» հարցին Ա. Ստեփանյանը պատասխանեց. «Բայց ո՞վ է ասում, որ մեզ ծեծել են, ես ի՞նչ ասեմ: Կողս ոտքի վրա այդքան կանգնելով սառել էր, ցավում էր, հիմա պահի տակ մի բան է, ասել եմ: Ինչ եղել էր, եղավ պրծավ» »:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: