ԱԺ Էթիկայի հանձնաժողովը լսել է Նաիրա Կարապետյանի մասին Մոսկվայի տան տնօրենի պարզաբանումները
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննության շրջանակներում, այսօրվա դռնփակ նիստում լսել է դիմումատուի պարզաբանումները: Ավելի վաղ՝ մայիսի 23-ին, հանձնաժողովը լսել էր նաև դիմումի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի պարզաբանումները:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը, դիմումի հետագա քննարկումը կընթանա ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգի: Այն է՝ հաջորդ փուլում հանձնաժողովի քննարկմանը պետք է ներկայացվի որոշման նախագիծ:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել և հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 17-ի դռնփակ նիստում որոշել է վարույթ ընդունել Ա. Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Ա.Թյությունջյանը բողոքել է ընդդեմ ԱԺ պատգամավորի, ով իր հետ հեռախոսազրույցում, ըստ դիմումատուի, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար: Ըստ Ն.Կարապետյանի, «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»: