Իշխանափոխության ներքին ռեսուրսները թուլացնելու է նաև առաջիկա չորս տարիների արտագաղթի աճը

Հարցազրույց քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանի հետ

– Նախագահական ընտրություններին հաջորդող հետընտրական զարգացումները կարելի՞ է համարել ավարտված, թե՞ դրանք այժմ պասիվ փուլում են:

– Եթե հետընտրական գործողություններ ասելով` նկատի ունենք բողոքի ցույցեր, միտինգներ, ակցիաներ, ապա դրանք ավարտված են: Հիմա մեկնարկում է քաղաքական մեկ այլ շրջան: Խոսքը կուսակցությունների բարեփոխումների շրջանի մասին է, որի կարիքը, կարծում եմ, ունեն և՛ ՀԱԿ-ը, և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն, և՛ «Ժառանգությունը»: Եթե մինչև 2018թ. ընտրությունները ֆորսմաժորային իրավիճակներ տեղի չունենան, ապա այս կուսակցությունները կարիք ունեն ներքին լուրջ բարեփոխումների: Այս հարցում ես իրենց խորհրդատվություն տալ չեմ պատրաստվում, թող բարեփոխման եղանակը որոշեն տվյալ կուսակցությունները, բայց որ դրա կարիքը կա` անվիճելի է: Կարող եմ միայն շեշտել, որ այդ կուսակցություններն իրենց ընտրազանգվածի հետ աշխատելու կարիք ունեն:

Համապետական հաջորդ կարևոր ընտրությունները լինելու են Ազգային ժողովի ընտրությունները, իսկ ԱՊՀ երկրներում, ինչպես փորձն է ցույց տալիս, համապետական ընտրություններին հաջողության են հասնում ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք ունեն կամ Ռուսաստանի, կամ Արևմուտքի աջակցությունը: Օրինակ, Մոլդովայում իշխանափոխություն տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական ուժը ստացավ գերտերություններից մեկի աջակցությունը:

Կարդացեք նաև

Առանց արտաքին աջակցության՝ հասարակություններն ի վիճակի չեն իշխանափոխություն իրականացնել: Ոչ իշխանական հայկական ուժերը մինչև հաջորդ համապետական ընտրությունները պետք է հստակորեն կողմնորոշվեն` ընտրում են արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ քաղաքականությունը, որովհետև իշխանափոխության իրականացման համար դու պետք է հասկանալի լինես կամ Ռուսաստանին, կամ Արևմուտքին: Առաջիկա չորս տարիների ընթացքում ոչ իշխանական ուժերը, կարծում եմ, պետք է բարեփոխվեն ու կատարեն հստակ օրիենտացիոն ուղղվածության ընտրություն: Այն կարծիքները, թե մենք կկարողանանք մեր ներքին ուժերով, հասարակության աջակցությամբ Հայաստանի ներսում իշխանափոխություն կատարենք, առանց դրսի ուժերի օգնության՝ անիրականանալի են:

– Երկար ժամանակ քաղաքական ուժերը համոզում էին, թե արտաքին աջակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն չունի: Բայց, ըստ էության, դարձյալ գալիս ենք նրան, որ եթե կուսակցությունը կոնկրետ Արևմուտքին կամ Ռուսաստանին չի հարում` իշխանափոխություն իրականացնել չի՞ կարող:

– Այո, չի կարող: Դա միայն հայկական երևույթ չէ: Վերցնենք Ուկրաինայի օրինակը. նարնջագույն հեղափոխության ժամանակ տեղի իշխանությունները կեղծեցին իրենց ընտրությունների արդյունքները, բայց Յուշչենկոն բավական ռեսուրս ուներ արևմտյան Ուկրաինայից, որտեղից էլ մեծ ընտրազանգված ուներ, նրան էր սատարում նաև Կիևի ընտրազանգվածը, նա բավական հզոր ֆինանսավարչական ռեսուրս ուներ, և այլն: Իսկ Հայաստանում նման ռեսուրսներ ոչ ոք չունի, ավելին` ոչ մի գործարար էլ հստակ չի հայտարարում, որ պաշտպանում է այս կամ այն ընդդիմադիր թեկնածուին: Երբ երկրի ներսում ընդդիմադիր ուժը բավական հզոր ռեսուրս ունի` ֆինանսական, մարդկային առումով, այն, միևնույն է՝ չի կարող իշխանափոխություն կատարել առանց արտաքին աջակցության: Իշխանափոխության ներքին ռեսուրսները թուլացնելու է նաև առաջիկա չորս տարվա արտագաղթի աճը:

Ընդդիմության ներքին թուլությունն էլ պետք է փոխարինվի դրսի օգնությամբ՝ կդիմե՞ն քաղաքական ընդդիմադիր ուժերը Ռուսաստանի կամ Արևմուտքի օգնությանը` կհաջողեն հաջորդ համապետական ընտրությունները, չե՞ն դիմի` չեն հաջողի: Բայց այստեղ էլ խնդիր է առաջանում` Արևմուտքը կամ Ռուսաստանը կհամագործակցեն ընդդիմադիր հայաստանյան ուժերի հետ՝ ոչ թե իրենց շահի կամ ձեռնտու լինել-չլինելու տեսանկյունից, այլ հաշվի առնելով այն, որ գուցե իրենց ձեռնտո՞ւ է թույլ իշխանությունը: Իսկ մեր քաղաքական ոչ իշխանական ուժերը շատ դեպքերում այնպես են աշխատում, կարծես հարյուր տարվա կուսակցություններ լինեն: Պետք է կադրային ու որակային փոփոխություն կատարել քաղաքական ուժերի ներսում` միաժամանակ կողմնորոշվելով` ռուսական որակի՞ կուսակցություն ես ցանկանում ստեղծել, թե՞ արևմտյան բնույթի: Հենց օրիենտացիոն ուղղվածության ընտրությունից էլ կբխի որակն ու կադրերի ընտրությունը:

– Ստացվում է, որ ՀՀԿ-ն մնում է իշխանության, որովհետև հստակ օրիենտացիոն ուղղվածությո՞ւն ունի:

– Ոչ: ՀՀԿ-ն մնում է իշխանության, որովհետև ընդդիմությունը թույլ է, իսկ արտաքին աշխարհում էլ Հանրապետականը ձեռնտու է թե Արևմուտքին, թե Ռուսաստանին: Իսկ ընդդիմությունը երկու կողմերին էլ չի կարող լինել ձեռնտու` կամ այս կողմում, կամ այն կողմում պետք է լինի:

– Պարոն Բադալյան, գազի սակագնի թանկացումն ու դրա հետևանքով մի շարք ապրանքների թանկացումը հասարակական բողոքի ալիք է առաջացրել: Սա չի՞ կարող օգտագործվել ընդդիմության կողմից` հետընտրական ալիքն օրակարգում պահելու համար:

– Չեմ կարծում: Թանկացումները, իհարկե, հասարակությանը ձեռք չեն տալիս: Շատ հաճախ պայքարի եղանակ ասելով` մարդիկ հասկանում են բողոքի ակցիաներ, ճանապարհները փակելու գործողություններ, և այլն: Բայց պայքարի առավել արդյունավետ ձևն արտագաղթն է: Եթե հասարակության ակտիվ մասը ցանկանում է արտագաղթել, հեռանալ երկրից, ապա ընդդիմության համար առաջանում է իշխանափոխության ներքին ռեսուրսների նվազեցում: Մարդիկ, ճանապարհ փակելով, քաղաքական ենթատեքստ չեն հետապնդում. հենց այդ նույն մարդիկ մի քանի ամիս առաջ 5-10.000 դրամով իրենց ձայնն էին վաճառում: Այդ բողոքավորները պարզապես դրամական փոխհատուցում են ուզում, կենցաղային պայքար են իրականացնում, ոչ թե քաղաքական: Բայց մի բան էլ ակնհայտ է. չես կարող մարդուն անընդհատ պայքարի ցանկության մեջ պահել, ասել՝ 20 տարի շարունակ պայքարի, եթե հաջողություն չունենաս, նորից պայքարի: Մարդիկ էլ չեն ուզում պայքարել, երբ տեսնում են, թե ինչպես է ապրում արտասահմանցին, ու արտագաղթում են: Հիմա ի՞նչ ասի ընդդիմությունը, գնա, ասի` եկեք նորից ճանապարհը փակե՞ք: Բայց այդ մարդիկ չեն ուզում քաղաքական պայքարի մեջ մտնել: Մարդիկ գնում են քաղաքական կառույցի մոտ` Կառավարության, բայց քաղաքական խնդիր լուծելու պահանջ չեն դնում:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս